Ղարաբաղի տարածքը երբեք չի օգտագործվել թմրանյութերի տարանցման համար. ԼՂՀ գլխավոր դատախազ

20.07.2011, 18:25
Ղարաբաղի տարածքը երբեք չի օգտագործվել թմրանյութերի տարանցման համար. ԼՂՀ գլխավոր դատախազ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբեք չի օգտագործվել թմրանյութերի տարանցման համար, չորեքշաբթի Ստեփանակերտում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել է ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը։

Ըստ նրա, ադրբեջանական իշխանություններն իրենց տարբեր հայտարարություններում փորձում են Ղարաբաղի տարածքը ներկայացնել որպես թմրանյութերի տարանցման համար օգտագործվող տարածք։
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հերքել և շարունակում են հերքել ադրբեջանական կողմի նման անհեթեթ և կեղծ հայտարարությունները։ Բաքվում պարզապես տեղյակ չեն իրական իրավիճակից, և այդ հայտարարություններն ընդամենը քարոզչական հնարքներ են»,- նշել է Ղարամյանը։

ԼՂՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ իշխանությունները, իրավապահ մարմիններն ու հանրապետության բոլոր համապատասխան կառույցները լիովին տեղյակ են իրավիճակից և երկրում թմրամոլության ու թմրանյութերի տարածման հեռանկարներ չեն տեսնում։

«Ղարաբաղում տարբեր միջազգային կազմակերպություններ են գործում և, եթե նման դեպքեր եղել են, որոնց մասին հայտարարում է Ադրբեջանը, ապա, անշուշտ, նրանք կհնչեցնեին դրանք իրենց հաշվետվություններում»,- ասել է Ղարամյանը։ -0-