Ղարաբաղը դեռ չի մտածում Ստեփանակերտի օդանավակայանի համար Միջպետական ավիացիոն կոմիտեի հավաստագիր ստանալու մասին

07.07.2011, 14:08
Ղարաբաղը դեռ չի մտածում Ստեփանակերտի օդանավակայանի համար Միջպետական ավիացիոն կոմիտեի հավաստագիր ստանալու մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ-ի ավիացիոն իշխանությունները դեռ չեն մտածում Ստեփանակերտի օդանավակայանի համար Միջպետական ավիացիոն կոմիտեի հավաստագիր ստանալու մասին:

«Տարբեր երկրներ ունեն տարբեր հավաստագրային պահանջներ: Մենք դեռ չենք մտածում այդ մասին, մենք աշխատում և օդանավակայան ենք կառուցում ոչ թե հանուն հավաստագրի, այլ օդանավակայանի 100 տոկոսանոց անվտանգության հարցում ամբողջովին համոզված լինելու համար», - հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտարարեց ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը:

Նրա խոսքերով՝ ղարաբաղյան կողմը հետագայում կիրականացնի իր սեփական ներքին աուդիտը:

Ադբաշյանը հայտարարեց, որ ԱՄՆ-ում, ԱՊՀ երկրներում, Իսրայելում, Եվրոպայում չափազանց տարբեր են օդանավակայանների հավաստագրման համար նախատեսված պահանջները:

«Ղարաբաղն ունի սեփական պատկերացումները, և մեր պահանջները կարող են ՄԱԿ-ի պահանջներից բարձր լինել: Մենք ունենք մեր պահանջները ավիացիոն անվտանգության և թիռչքների անվտանգության ապահովման նկատմամբ», - նշեց Ադբաշյանը:

Ստեփանակերտի օդանավակայանի շինարարությունն, ամենայն հավանականությամբ, կավարտվի սեպտեմբերին, եթե դրան չխանգարեն եղանակային պայմանները կամ այլ անկանխատեսելի հանգամանքներ:

Ստեփանակերտի նոր օդանավակայանը կկարողանա սպասարկել ժամում 100 ուղևոր, իսկ ուղևորափոխադրումները կիրականացնի «Էյր Արցախ» ավիաընկերությունը CRJ-200 տեսակի երեք 50-տեղանոց ինքնաթիռների միջոցով:

Սկզբում չվերթերն իրականացվելու են օրը մեջ, իսկ ապագայում պահանջարկին զուգահեռ կփոխվի նաև թռիչքների պարբերականությունը:

Ինչպես ավելի վաղ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, սկզբում օդանավակայից կիրակացվեն Ստեփանակերտ-Երևան-Ստեփանակերտ չվերթերը, սակայն օդանավակայանը կառուցվում է նաև այլ ուղղություններով թռիչքներ կատարելու հեռանկարով:-0-