ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանը Ղարաբաղի դեմ «Սմերչ» ՀԿՌՀ է կիրառել

05.04.2016, 10:17
Ադրբեջանը Ղարաբաղի դեմ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր է կիրառել:
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանը Ղարաբաղի դեմ «Սմերչ» ՀԿՌՀ է կիրառել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանը Ղարաբաղի դեմ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր է կիրառել, Facebook սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունները իրենց շարունակությունն ունեցան նաև այս գիշեր: Օր-օրի մեծացնելով կիրառվող զինատեսակների տրամաչափը` ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը կիրառել է "Սմերչ" համազարկային կրակի ռեակտիվ համակարգ»,– հայտնել է Հովհաննիսյանը։

Ըստ նրա, նույն ժամանակահատվածում հակառակորդը շարունակել է խաղաղ բնակավայրերի և մարտական հենակետերի հրետակոծությունները, անօդաչու թռչող սարքերի ակտիվորեն կիրառումը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով, որոնցից մեկը ՊԲ-ի կողմից ոչնչացվել է:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով:

ԼՂՀ ՊՆ–ի մամուլի ծառայության հաղորդմամբ` ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։ Ադրբեջանական զորքերն առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով։

Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Օպերատիվ տվյալներով` մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, 18 տանկ, «Գրադ» տիպի 1 կայանք, 5 միավոր այլ զրահատեխնիկա, այդ թվում` 3 ԲՄՊ, 1 միավոր ինժեներական տեխնիկա և 6 անօդաչու սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ: Հայկական կողմը կորցրել է 7 տանկ, ունի 20 զոհ, 72–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 26–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա։ –0–