ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին ՊԲ զինծառայող է մահացել, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
20–ամյա Նարեկ Հմայակի Հարությունյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամը 17:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– ասվում է հաղորդման մեջ։
Ապրիլի 24-ին և լույս 25-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ։
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 800 կրակոց, իսկ շփման գծի հարավարևելյան և արևելյան ակտիվորեն կիրառել է դիպուկահար հրացաններ (50 կրակոց):
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում