ԼՂՀ-ին հանձնած զինծառայողը բժիշկների հսկողության տակ է

19.11.2015, 14:58
Նախօրեին ադրբեջանական կողմից ԼՂՀ-ին հանձնած պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Գրիգորյանը բժիշկների հսկողության տակ է, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Քոչարյանը:
 ԼՂՀ-ին հանձնած զինծառայողը բժիշկների հսկողության տակ է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/.Նախօրեին ադրբեջանական կողմից ԼՂՀ-ին հանձնած պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Գրիգորյանը բժիշկների հսկողության տակ է, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Քոչարյանը:

«Ինչպես և սպասվում էր, զինծառայողի հետ անմիջապես սկսեցին աշխատել բուժաշխատողները, այս պահին այլ բան ավելացնել չեմ կարող»,-ասաց Քոչարյանը:

Նա ավելացրեց, որ հետագա քայլերի մասին վաղ է խոսել:

2015 թ․ նոյեմբերի 18-ին, ժամը 13.30-ին ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Արարատի Գրիգորյանին: Ղարաբաղյան կողմին Գրիգորյանի հանձնումն իրականացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ԿԽՄԿ առաքելության միջնորդությամբ՝ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտ։
 
Գրիգորյանը սույն թվականի մարտի 22-ին արևելյան ուղղությամբ տեղակայված ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական դիրքից հակառակորդի կողմն էր անցել։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:  

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:  

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը: Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է:

1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-