Շուշիի մոտ կրակոցներ են հնչել. ՄԻՊ–ը մանրամասներ է ներկայացրել

14.07.2021, 10:10
Շուշիի մոտ կրակոցներ են հնչել. ՄԻՊ–ը մանրամասներ է ներկայացրել
Շուշիի մոտ կրակոցներ են հնչել. ՄԻՊ–ը մանրամասներ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ստեփանակերտի բնակիչները նախօրեին երեկոյան կրակոցի ձայներ են լսել Շուշիի մոտակայքում։ 

Այս կապակցությամբ պարզաբանում է ներկայացրել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նա նշել է, որ կապվել է լիազոր մարմինների հետ` ճշտելու համար եղելությունը։ 

«Ինձ տեղեկացրեցին, որ արձանագրվել են հրաձգային միջոցներից դեպի օդ կրակոցներ, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել: Մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են: Այս պահին մեր ուսումնասիրության արդյունքներով որևէ հետևանք չի արձանագրվել», – նշել է Ստեփանյանը Facebook–յան իր էջում: 

Միաժամանակ ստեփանակերտցիները սոցցանցերում նշում են, որ Շուշիի մոտ օդում երևացել են անօդաչուներ, իսկ կրակել են ենթադրաբար գնդացիրներից։ Նշվում է, որ այդ շրջանում է գտնվում ջրառը, որը Ստեփանակերտի մեծ մասին ապահովում է խմելու ջրով։ Տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել, պետական կառույցներից արձագանքել է միայն Մարդու իրավունքների պաշտպանը։–0–