Փաշինյանը նշեց Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանության երեք տարբեր սցենարները

12.12.2022, 13:30
Փաշինյանը նշեց Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանության երեք տարբեր սցենարները
Փաշինյանը նշեց Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանության երեք տարբեր սցենարները
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը ցեղասպանության կանխարգելման միջանցք է:

Ելույթ ունենալով Երևանու անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի բացմանը, Փաշինյանը հայտարարեց, որ փակել այդ միջանցքը, դադարեցնել այդ միջանցքի գործողությունը նշանակում է Լեռնային Ղարաբաղի հայությանը դատապարտել ցեղասպանության՝ երեք տարբեր սցենարներով:

«Առաջին սցենարը կարող է լինել զուտ հայաթափման սցենարը, երբ պարզապես Լեռնային Ղարաբաղի հայերը հնարավորություն չունեն ապրել իրենց տներում, իրենց հողում: Եվ մենք այդպիսի, ըստ էության, մինի մոդելը տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում, որտեղ այսօր ոչ մի հայ չի ապրում 2020 թվականի 44 օրյա պատերազմի հետևանքով», - նշեց Փաշինյանը:

Հաջորդ սցենարը, ըստ Փաշինյանի, ինքնության կորուստն է:

«Եվ այսօր այն պայքարը, որ Ադրբեջանը մղում է Լեռնային Ղարաբաղի տեղանունների և պատմամշակութային հուշարձանների դեմ, դրա ամենավառ ապացույցն է: Այսինքն, ընդհանուր առմամբ անվտանգության համատեքստում, երբ ասում ենք անվտանգություն, երբեմն հասկանում ենք միայն ֆիզիկական անվտանգությունը, բայց ինքնության անվտանգությունը մարդու իրավունքների և անվտանգության անքակտելի մասն է», - ասաց նա:

Երրորդ սցենարը, Փաշինյանի կարծիքով, բուն ֆիզիկական ոչնչացումն է:

«Դրա իրողությունը և նախանշանները մենք նույնպես տեսել ենք և տեսնում ենք՝ սկսած գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացիական անձանց դիպուկահարի թիրախ դարձնելուց, վերջացրած 44-օրյա պատերազմի ընթացքում խաղաղ բնակավայրերը և բնակիչներին ռմբակոծելուց և հրթիռակոծելուց», - ասաց Փաշինյանը:-0-