Ադրբեջանական զինուժը կրկին կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հոկտեմբերի 23-ին ժամը 15:05-ի սահմաններում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, շփման գծում լարվածությունը չխորացնելու համար շարունակել են ցուցաբերել զսպվածություն և պատասխան գործողությունների չեն դիմել:
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Ադրբեջանի զինված ուժերը խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը` հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ –0–


