ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված գոյություն ունեն մի շարք որոշումներ, առաջին հերթին որոշումներ, որոնք ընդունվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում` հակամարտության ամենաթեժ պահին և պահանջում էին հրադադար», – նշել է Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
Նա նաև նշել է, որ այդ պահից ի վեր` «ուժի մեջ է օկուպացված տարածքներն ազատագրելու մասին որոշումը` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանման դեպքում, բայց դա ոչ մի դեպքում չպետք է իրականացվի ուժով»։
ՌԴ արտգործնախարարը փաստել է, որ այդ ամենը ամրագրված է Մինսկի խմբի բազմաթիվ որոշումներում, ինչպես նաև հայտարարություններում և փաստաթղթերում, որոնք ընդունվել են և ստորագրվել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից: «Վեճերի խաղաղ կարգավորումը միանշանակ կերպով ամրագրված է այնտեղ», - ընդգծել է Լավրովը:
Նախարարը նշել է, որ 2016 թ.-ի ապրիլին տարածաշրջանում տեղի ունեցած արյունահեղ իրադարձությունները խորը մտավախություն են առաջացնում: Ընդ որում, Լավրովը հիշեցրել է, որ «Ռուսաստանը վճռորոշ դեր է խաղացել այդ պահին արյունահեղության դադարեցման հարցում»:
Նա հիշեցրել է, որ 2016 թ.-ի ապրիլին հակամարտության սրումից հետո, հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ մեղադրանքները, պայմանավորվածություն էր ձեռք բերվել ստեղծել միջադեպերի հետախուզման մեխանիզմ, ինչպես նաև կարևորվել էր շփման գծում ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման անհրաժեշտությունը։
«Ցավոք, նույնիսկ դրա համար անհրաժեշտ (որպեսզի սրացումը չկրկնվի) նման տարրական բաները` միջադեպերի հետախուզման մեխանիզմը և շփման գծում դիտորդների թվի ավելացումը, չեն կարողանում կյանքի կոչվել, քանի որ առայժմ ԵԱՀԿ-ում բացակայում է կոնսենսուսը», - ասել է Լավրովը:
Նա ավելացրել է, որ նման կոնսենսուսի բացակայության պատճառի մասին հարկավոր է «հետաքրքրվել այդ կազմակերպության ներկայացուցիչներից»: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում