ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի ճանաչման անհրաժեշտություն դեռևս չկա, ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը, ապա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հստակ հրապարակել է իր դիրքորոշումն ու եթե հետևեն նոր ոտնձգություններ և պատերազմ, ապա մենք ստիպված կլինենք գնալ այդ քայլին։ Դեռ նման անհրաժեշտություն չկա», – չորեքշաբթի ասաց Աբրահամյանը լրագրողներին «Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման առաջընթացի գնահատում և Կայուն զարգացման օրակարգ 2030» զեկույցի ներկայացման ժամանակ։
ՀՀ կառավարությունը մայիսի 5–ին հավանություն է տվել ԼՂՀ ճանաչման օրինագծի եզրակացությանը, որտեղ նշվում է, որ օրինագիծը Հայաստանի և Ղարաբաղի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած քննարկման արդյունք է ու պայմանավորված է հնարավոր հետագա գործընթացներով, այդ թվում` արտաքին գործոններով։
Աբրահամյանը նաև խոսեց Ղարաբաղ կատարած իր աշխատանքային այցի մասին, որի ընթացքում ԼՂՀ կառավարության հետ քննարկվել են մի շարք հարցեր։
«Հանդիպել ենք Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ, եղել ենք առաջնագծում։ Բոլորը` զինծառայողներն ու սպաները, գեներալները, քաղաքական գործիչները, պատգամավորները վստահ են մեր ապագա հաղթանակներում։ Դա մեզ ոգեշնչեց։ Քննարկել ենք նաև տնտեսական հարցեր, բոլոր կետերի շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ» ,– ասաց Աբրահամյանը։
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-