ԵԱՀԿ բոլոր երկրները պետք է աջակցեն ՄԽ–ի գործունեությանն ու նրա համանախագահներին. հայտարարություն
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները պետք է աջակցեն Մինսկի խմբի գործունեությանն ու նրա համանախագահներին։ Այս մասին նշվում է Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարության մեջ, որը տեղադրված է կազմակերպության պաշտոնական կայքում։
Նիստի ընթացքում դեսպան Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), որը ներկայացրել է ՄԽ–ի երեք համանախագահներին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկը տեղեկացրել են ԵԱՀԿ 57 մասնակից պետություններին ղարաբաղյան հակամարտության գոտում ընթացող վերջին իրադարձությունների մասին։
ԼՂՀ ՊԲ–ն հակամարտության հետևանքով կորցրել է 29 զինծառայող, 101–ը վիրավոր է>>
Ուորլիքն ու Կասպրշչիկը ողջունել են մարտական գործողությունների դադարեցման մասին լուրն ու կոչ արել կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը, ինչպես նաև կարևորել են քաղաքական գործընթացին վերադառնալը` կայուն հրադադարի հիման վրա։
«ԵԱՀԿ երկրները համաձայնել են, որ վերջին սրացումը խորը մտահոգության առիթ է տալիս, ինչպես նաև այն, որ կազմակերպությունը պետք է շարունակի իր առանցքային դերակատարությունը ԼՂ–ում իրավիճակի խաղաղ կարգավորմանն աջակցելու հարցում», – նշվում է հայտարարության մեջ։
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մեկնում են Ղարաբաղ>>
Համանախագահները տեղեկացրել են, որ առաջիկայում դեսպան Կասպրշչիկի հետ կայցելեն տարածաշրջան։ Կասպրշչիկը, հնարավորության դեպքում, նաև կայցելի սրացման հետևանքով տուժած շրջաններ։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով:
ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները։ Օպերատիվ տվյալներով`մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, 24 տանկ, «Գրադ» տիպի համազարկային կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), ինժեներական տեխնիկա, 6 անօդաչու սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ:
Հայկական կողմը կորցրել է 14 տանկ, ունի 29 զոհ, 101–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 26–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա և յոթ կամավոր։ Մարտական գործողությունները դադարեցվել են ապրիլի 5–ին մոտավորապես ժամը 12։00–ին, երբ ուժի մեջ մտան համապատասխան պայմանավորվածությունները։ -0–

