Բաքուն չի ցանկանում փնտրել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ. ԼՂՀ ԱԳ նախարար

13.11.2015, 17:05
Պաշտոնական Բաքուն հետևողականորեն ցուցադրում է, որ չի ցանկանում փնտրել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ:
Բաքուն չի ցանկանում փնտրել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ. ԼՂՀ ԱԳ նախարար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Պաշտոնական Բաքուն հետևողականորեն ցուցադրում է, որ չի ցանկանում փնտրել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ, ուրբաթ հայտարարեց ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը «Արցախի օրեր Մոսկվայում» միջոցառումների շրջանակում կազմակերպված «Լեռնային Ղարաբաղ. Նոր մարտահրավերներ և նոր հնարավորություններ» թեմայով կլոր սեղանի բացման ժամանակ։

«Պաշտոնական Բաքուն հետևողականորեն ցուցադրում է հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ ցանկության ու քաղաքական կամքի բացակայություն և ձեռնարկում քայլեր՝ ուղղված իրավիճակի հետագա սրմանը։ Այդ մասին վկայում է, մասնավորապես, այն, որ Բաքուն շարունակաբար մերժում է ինչպես շփման գծում իրավիճակի կայունացմանն ուղղված հայկական կողմերի նախաձեռնությունները, այնպես էլ միջադեպերի հետաքննության մեխանիզմների իրականացման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին առաջարկները», – նշել է Միրզոյանը։

Իր ելույթում Միրզոյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլը և Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ստեղծված իրավիճակը։

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է նաև ԼՂՀ-ում պետականաշինության գործընթացը՝  նշելով, որ Արցախի ժողովուրդն ու իշխանությունները միասնական են իրենց վճռականության մեջ՝ շարունակելու 1991 թ․ անկախության հանրաքվեին ընտրված և 2006 թ․ սահմանադրական հանրաքվեին հաստատված ուղին։

Այս համատեքստում ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը հուսալի, կանխատեսելի և պատասխանատու գործընկեր է և կարևոր աշխարհաքաղաքական գործոն, որը կայունություն ու խաղաղություն է ապահովում տարածաշրջանում։

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն անդրադարձել է նաև տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության մի շարք արդիական հարցերի, շոշափել միջազգային ահաբեկչության թեման։

Կարեն Միրզոյանը հիշեցրել է, որ ԼՂՀ-ն բախվել է այս խնդրին դեռևս 1991-1994 թթ․, երբ Ադրբեջանը, խախտելով միջազգային իրավունքի նորմերը, Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններին է ներգրավել հազարավոր օտարերկրյա վարձկանների, այդ թվում՝ տարբեր ահաբեկչական խմբավորումներից։

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ միջազգային ահաբեկչությունը գլոբալ մարտահրավեր է, որի  հաղթահարման համար անհրաժեշտ է միջազգային հանրության համախմբված մոտեցում։ –0–