Անկարան կարող է սրել ղարաբաղյան խնդիրը, ինչը ծանր բեռ կլինի Ռուսաստանի համար. փորձագետ

27.11.2015, 20:09
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ապակայունացմանն ուղղված Անկարայի հնարավոր գործողությունները կարող են լուրջ խնդիր դառնալ Մոսկվայի համար:
Անկարան կարող է սրել ղարաբաղյան խնդիրը, ինչը ծանր բեռ կլինի Ռուսաստանի համար. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ապակայունացմանն ուղղված Անկարայի հնարավոր գործողությունները կարող են լուրջ խնդիր դառնալ Մոսկվայի համար, կարծում է Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահության ղեկավար Ֆյոդոր Լուկյանովը։

«Մոսկվան և Անկարան հիմա ցուցադրում են, թե ով և ինչ կարող է անել։ Նրանք (Թուրքիա) նման կերպ ցանկանում են ակնարկել, որ եթե իրավիճակը զարգանա ներկա ձևով, ապա կարող է կտրուկ սրվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վիճակը», – ասել է Լուկյանովը «Ինտերֆաքսին»։

Լուկյանովը նման կարծիք է հայտնել` մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունն այն մասին, որ Անկարան կանի հնարավոր ամեն ինչ` Լեռնային Ղարաբաղի տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու համար։

«Դա, իհարկե, ծանր բեռ կլինի Ռուսաստանի համար, քանի որ մենք պարտավորություններ ունենք Հայաստանի առաջ։ Եթե այնտեղ (Լեռնային Ղարաբաղում) վերսկսվի պատերազմը, ապա Ռուսաստանը կկանգնի լուրջ երկընտրանքի առաջ, քանի որ Ռուսաստանի համար Ադրբեջանը ևս շատ կարևոր գործընկեր է», – ավելացրել է փորձագետը։

Լուկյանովի խոսքով` Թուրքիան միշտ աջակցել է Բաքվին ղարաբաղյան հակամարտության հարցում, սակայն ներկա պայմաններում կարող է ավելի վճռական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

«Կարելի է պարզապես աջակցել, ինչպես հիմա անում են, իսկ կարելի է նաև փորձել ձեռնարկել սադրիչ քայլեր, այդ հարցը բարձրացնել տարբեր մակարդակներում», – նշել է նա։

«Սա, սկզբունքորեն, հնարավոր է, քանի որ Թուրքիան ակնարկում է, որ եթե դուք շարունակեք սրել իրավիճակը, ապա մենք ևս կարող ենք սրել որոշ հարցեր», – պարզաբանել է փորձագետը։–0–