Պետդեպ. ԱՄՆ–ն նպատակաուղղված է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ն «հստակ նպատակաուղղված է» ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
Քիրբիին խնդրել են մեկնաբանել շաբաթ օրը Բեռնում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպումը։
Քիրբիի խոսքով` «այդ գագաթնաժողովը երկու երկրների առաջնորդներին հնարավորություն ընձեռեց տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպել և պարզաբանել դիրքորոշումները»։ Նրա խոսքով` «նախագահները նշել են, որ իրավիճակը վատացել է», հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Քիրբին նշել է, որ Վաշինգտոնն աջակցում է «խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի նվազմանն ուղղված միջոցներին»։ Նրա խոսքով` «ԵԱՀԿ ՄԽ–ի ամերիկյան պատվիրակությունը ռուս և ֆրանսիացի գործընկերների հետ միասին շարունակում է քննարկել այդ բոլոր միջոցները»։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը: Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է:
1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-