Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու

02.02.2017, 17:30
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է: Եվ դա պատահական չէ, քանի որ ձմեռն իսկապես ցրտաշունչ էր: Մասնավորապես, բուռն քննարկումներ էր առաջացրել Հայաստանի «եղանակի գուրու» ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանի հայտարարությունը, որ փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը Երևանում ջերմաստիճանը կնվազի մինչև -16...-18 աստիճան, իսկ ցածրադիր գոտում` -23...-25 աստիճան:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է ճշտել նրանից, թե երբ է գալու այդքան սպասված տաք եղանակը և որքանով է նման բուքը նորմալ:

Նովոստի-Արմենիա – Ճիշտ է, արդյո՞ք, որ հինգշաբթի լույս ուրբաթ օրվա գիշերը Երևանում այս ձմռան ամենացուրտ գիշերը կլինի:

Գ. Սուրենյան – Այո, հատկապես դա վերաբերում է ցածրադիր շրջաններին, որտեղ սնդիկի սյունը կիջնի մինչև -25 աստիճան: Ընդ որում, մայրաքաղաքի բարձրադիր շրջաններում ջերմաստիճանը 10 աստիճանով ավելի բարձր կլինի:

Նովոստի-Արմենիա – Որքա՞ն երկար դա կտևի:

Գ. Սուրենյան – Երկու գիշեր: Ընդ որում, կցանկանայի նշել, որ ցերեկը փետրվարյան արևի ճառագայթներն այնքան ինտենսիվ կլինեն, որ ցուրտը գրեթե չի զգացվի:

Նովոստի-Արմենիա – Ե՞րբ էր Երևանում վերջին անգամ գրանցվել նման հակառեկորդ:

Գ. Սուրենյան – 2008 թ.-ին ջերմաստիճանը գիշերը նվազել է մինչև -25...-29 աստիճան: Ընդ որում, այն տարի ցածր ջերմաստիճանը պահպանվել է 20 օրվա ընթացքում:

Նովոստի-Արմենիա – Արդյո՞ք, նմանատիպ ջերմաստիճանը նորմալ է Երևանի համար:

Գ. Սուրենյան – Այո: Երևանում ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1972 թ.-ին, երբ սնդիկի սյունը ցույց է տվել -31 աստիճան: Անոմալ եղանակի մասին հնարավոր կլինի խոսել, եթե Երևանում եղանակը սառի մինչև -32 և ավել:

Նովոստի-Արմենիա – Ճիշտ է, արդյո՞ք, որ այս երկու գիշերները կլինեն այս տարվա ձմռան ամենասառը օրերը, ապա եղանակը Հայաստանում կտաքանա:

Գ. Սուրենյան – Փետրվարի 5-ից Հայաստանի տարածք կներթափանցեն տաք օդային հոսանքներ, և ջերմաստիճանն աստիճանաբար կսկսի բարձրանալ: Եվս մեկ անգամ ցանկանում եմ հիշեցնել, որ փետրվարյան արևն իր ինտենսիվությամբ տարբերվում է դեկտեմբերյանից, այնպես որ արևային ճառագայթների ներքո կարելի է լիովին հարմարավետ զգալ: -0-