Վերջին երկու տարվա ընթացքում արտերկրում ավելի քան 900 հայկական պատմամշակութային հուշարձան է գրանցվել

09.01.2012, 14:46
Վերջին երկու տարվա ընթացքում արտերկրում ավելի քան 900 հայկական պատմամշակութային հուշարձան է գրանցվել
Վերջին երկու տարվա ընթացքում արտերկրում ավելի քան 900 հայկական պատմամշակութային հուշարձան է գրանցվել

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ 2011 թ.-ին անցկացվել է ավելի քան 20 միջազգային և հանրապետական երաժշտական, կինո և թատերական փառատոն և մրցույթ, որոնք հանրապետությունում ավանդույթ են դարձել և այսուհետ ևս անցկացվելու են: Դրանց թվում են «Երևանյան հեռանկարներ», «Ազգային պատկերասրահ», «Երևանյան երաժշտական փառատոն», «Վերածնունդ» փառատոնները, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը, Highfest թատերական փառատոնը, Վ. Փափազյանի անվան միջազգային շեքսպիրյան փառատոնը, Ա. Խաչատրյանի անվան միջազգային երաժշտական մրցույթը, «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբային փառատոնը, «Թումանյանական հեքիաթի օր» մանկապատանեկան թատերական փառատոնը, «Նռան հատիկ»  մանկապատանեկան թատերական փառատոնը, «Կինոաշուն» հայկական կինոյի միամսյակը, Պավել Լիսիցիանի և Տաթևիկ Սազանդարյանի անվան դասական վոկալի փառատոնը և այլն:

«Նովոստի-Արմենիա» - Ինչպես հայտնի է, ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2012 թ.-ին Երևանը հռչակել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք (2012 թ.-ի ապրիլի 23-ից մինչև 2013 թ.-ի ապրիլի 22-ը): Այս կապակցությամբ ի՞նչ միջոցառումներ է նախատեսվում անցկացնել այս իրադարձության շրջանակներում:

Ա. Պողոսյան – Գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը Երևանին շնորհելու կապակցությամբ ծրագրի շրջանակներում 2012 թ.-ի ապրիլի 23-ին՝ Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը, մեկնարկում են հայկական գրատպությանն ու գրքին նվիրված միջոցառումները՝ համաժողովներ, գրական ընթերցանություններ, միջազգային և հանրապետական փառատոններ, ցուցահանդեսներ, ընթերցանությունը խթանելուն ուղղված ակցիաներ: Ծրագրի շրջանակներում Երևանում և մարզերում կանցկացվի ավելի քան 30 միջոցառում: Միջոցառումների շարքում հատուկ տեղ կզբաղեցնեն մանկապատանեկան ծրագրերը:

«Նովոստի-Արմենիա» - Մշակույթի նախարարությունն ինչպես երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանների վերականգնման և պահպանման ակտիվ նախաձեռնողներից է: Գոյություն ունի՞ վերականգնման ենթակա մշակութային հուշարձանների վիճակագրություն, կոնկրետ ֆինանսավորում, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրներ: 

Ա. Պողոսյան – Մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված աշխատանքների թվում հատուկ տեղ են զբաղեցնում 2005-2011 թթ.-ին ընթացող աշխատանքները, որոնք ուղղված են հուշարձանների վերականգնմանը: Նշված ժամանակահատվածում հուշարձանների ամբողջականությունն ապահովելու նպատակով իրականացվել է 43 հուշարձանների վերականգնմանն ուղղված աշխատանք: Այս նպատակով «Հուշարձանների վերանորոգում և վերականգնում» ծրագրի շրջանակներում ՀՀ պետբյուջեից հատկացվել է ավելի քան 2,7 մլրդ դրամ (շուրջ 7,1 մլն դոլար): Վերականգնողական աշխատանքներին զուգահեռ կազմվել է ռեստավրացիայի կարիք ունեցող հուշարձանների ցուցակը, որում ներառվել է շուրջ 245 հուշարձան: Այս հուշարձանների որոշակի քանակություն ամեն տարի ուսումնասիրվում է «Հուշարձանների տեխնիկական վիճակի մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ՀՀ պետբյուջեի կողմից: Ծրագիրը մեկնարկել է 2009 թ.-ին: Այսօրվա դրությամբ տեխնիկական վիճակի մոնիտորինգի է ենթարկվել 78 հուշարձան:

Արտերկրում գտնվող հայկական հուշարձանների պահպանման հարցում վերջին երկու տարվա ընթացքում «Աջակցություն արտերկրում գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանների վերականգնմանը» ծրագրի շրջանակներում Արևմտյան Հայաստանի տարածքում (ժամանակակից Թուրքիայի տարածք) գրանցվել է 450 հուշարձան: 2011 թ.-ին նույն ծրագրի շրջանակներում տարբեր հայկական համայնքներում գրանցվել է ևս 470 հայկական պատմամշակութային հուշարձան: Մենք առանձնահատուկ կարևորում ենք պատմամշակութային հուշարձանների գրանցման գործընթացը, քանի որ նման կերպով պայմաններ են ստեղծվում՝ տեղեկատվության հասանելիության և հանրաճանաչության համար, ինչպես նաև գիտականորեն հիմնավորվում է «հայկական հետքը» աշխարհի տարբեր մայրցամաքներում:

«Նովոստի-Արմենիա» - Նախարարությունն ակտիվ քայլեր է ձեռնարկել Հայաստանում ռեստավրատորների դպրոցի ստեղծման ուղղությամբ: Այս ոլորտում ի՞նչ տեղաշարժեր են արձանագրվել:

Ա. Պողոսյան – Արդեն իրականացվել են առաջին քայլերը «Տեղական մշակութային ժառանգության պահպանման և ամրապնդման նպատակով աջակցության ցուցաբերում Հայաստանի հաստատություններին» ծրագրի շրջանակներում, որը ստորագրվել է 2011 թ.-ի ապրիլի 6-ին ՀՀ մշակույթի նախարարության և Իտալիայի ԱԳՆ-ի համագործակցության զարգացման գլխավոր վարչության կողմից: Ծրագրի կրթական մասի շրջանակներում նոյեմբերի 29-ին ԵՊՃՀ-ում մեկնարկել է 30 մագիստրոսների համար նախատեսված «Հուշարձանների ճարտարապետական վերականգնում» երկամյա ծրագիրը: Բացի այդ, նախատեսվում է նաև ստեղծել Հայաստանի ազգային պատկերասրահի կտավների, Պատմության թանգարանի մետաղից, փայտից և կերամիկայից պատրաստված ցուցանմուշների, «Էրեբունի» պատմա-ազգագրական թանգարան-արգելոցի որմնանկարների և հնագիտական ցուցանմուշների ռեստավրացիայի լաբորատորիա: Նախատեսված են նաև ուսումնական ծրագրեր շինհրապարակների ղեկավարների և բանվորների, շարժական մշակութային արժեքների ռեստավրատորների համար:

«Նովոստի-Արմենիա» - Կարելի՞ է, արդյոք, պնդել աշխարհում Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգության մասին տեղեկատվության դեֆիցիտի առկայության մասին, և այս կապակցությամբ ինչպե՞ս է Մշակույթի նախարարությունը նախատեսում լուծել մեր մշակութային արժեքների հանրաճանաչության հարցը՝ հաշվի առնելով ժամանակակից տեխնիկական հնարավորությունները:

Ա. Պողոսյան – Հայաստանի պատմամշակութային ժառանգության մասին տեղեկատվության տարածումն ու հասանելիությունն ապահովելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ 2012 թ.-ի փետրվարից կգործի վեբ-կայք, որը կներկայացնի Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը: Բացի այդ, դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահի կայքերի շնորհանդեսը հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով (www.nga.amwww.gallery.am):-0-