ԶԼՄ-ների ցանկացած կարգավորում սպառնում է, որ անցում կլինի գրաքննությանը. Սամվել Մարտիրոսյան

16.11.2011, 13:00
ԶԼՄ-ների ցանկացած կարգավորում սպառնում է, որ անցում կլինի գրաքննությանը. Սամվել Մարտիրոսյան
ԶԼՄ-ների ցանկացած կարգավորում սպառնում է, որ անցում կլինի գրաքննությանը. Սամվել Մարտիրոսյան

- Ինտերնետը, սոցիալական ցանցերը ինչպիսի՞ տեղ են զբաղեցնում Հայաստանի տեղեկատվական միջավայրում: Եվ ինչպե՞ս է դրանք կարգավորում պետությունը:

- Այս պահին մենք գտնվում ենք պատմական այն ժամանակաշրջանում, երբ Հայաստանը ինտերնետ-բում է ապրում: Վերջին մեկուկես- երկու տարվա ընթացքում հանրապետությունում ինտերնետից օգտվողների թիվը մի քանի անգամ ավելացել է, իսկ ցանցային տեղեկատվական միջավայրը դուրս է եկել մեկուսացումից և սկսել է լրջորեն ազդել ինչպես տեղեկատվական դաշտի, այնպես էլ երկրի սոցիալ-քաղաքական կյանքի վրա:

Սոցիալական ցանցերն ու բլոգերն այսօր Հայաստանում տեղեկատվական միջավայրի հիմնական շարժիչներից են: Սոցիալական մեդիաների բուռն աճի շնորհիվ երկրորդ շունչ է ստացել տպագիր մամուլը, որը դեռ երկու տարի առաջ անկման շեմին էր կանգնած: Բացի այդ, քաղաքացիական լրագրության նկատմամբ հետաքրքրության աճը, կոնկրետ սոցիալական խնդիրներ լուծելու նպատակով սոցիալական ցանցերում խմբերի օգտագործումը ևս լրջորեն ազդում է երկրի քաղաքացիական հասարակության զարգացման վրա:

Ինչ վերաբերում է կարգավորմանը, ապա, իհարկե, այս հարցը շատ նուրբ է, քանի որ կարգավորումը սպառնում է անցումով գրաքննությանը: Միաժամանակ վերահսկողությունից հրաժարվելը կարող է հանգեցնել ամբողջական ամենաթողության:

Որևէ բան կարգավորելու համար հարկավոր է, որպեսզի հասարակությունում և քաղաքական վերնախավում առկա լինի տեղի ունեցածի ռեֆլեքսիան: Իսկ Հայաստանում, օրինակ, մինչև հիմա օրենսդրորեն չեն տարբերակվում ԶԼՄ-ները, բլոգերը կամ Twitter-account-ը:

- Ինչպիսի՞ն եք տեսնում ավանդական ԶԼՄ-ների ապագան ինտերնետի բուռն աճի պայմաններում:

- Դեռևս երկու տարի առաջ բուռն կերպով քննարկվում էր ինտերնետի ճնշման ներքո ավանդական ԶԼՄ-ների հնարավոր վերացման թեման: Կարծում եմ, որ այսօր «հին» ԶԼՄ-ների և սոցիալական մեդիաների մրցակցության հարցը արդեն հանվել է, քանի որ մամուլը բավականին շուտ կողմնորոշվեց և ինտերնետը սկսեց օգտագործել որպես տեղեկատվության աղբյուր, այդ թվում նաև որպես սեփական լսարանի դինամիկ ավելացման միջավայր: Եվ հակառակը, սոցիալական մեդիաները լրջորեն ազդում են ավանդական ԶԼՄ-ների և տեղեկատվական միջավայրի ձևավորման վրա:

Երկրորդն, ինչ այսօր ակնհայտ է, կոմբինացված ԶԼՄ-ների ձևավորումն է, երբ տպագիր մամուլը ոչ միայն օգտվում է ինտերնետից, այլև դառնում է լուսա և տեսա-արտադրանքի հեռարձակող:

-  Հասարակության համար ինչպիսի՞ բացասական հետևանքներ կան սոցիալական ցանցերի անվերահսկելի աճի հետ կապված: Ադապտացիոն ինչպիսի՞ մեխանիզմներ կարող են այստեղ կիրառվել:

- Շատ խնդիրներ են ծագում, և դրանցից ամենամեծը հասարակության մի մասի կողմից այն բանի ընկալման բացակայությունն է, որ, իսկապես, խնդիրներ կան: Օրինակ, հասարակության ամենախոցելի մասերից մեկը երեխաներն են, ովքեր ինտերնետում կարող են հանդիպել նաև հոգեպես անառողջ մարդկանց տեղեկատվության հետ: Միաժամանակ երեխաների մեծ մասը պատրաստ չէ վիրտուալ իրականության մութ կողմի հետ հանդիպմանը: Եվ որ ամենակարևորն է, այդ երեխաների ծնողների մեծ մասը չի գիտակցում խնդիրները, որոնց հետ բախվում են իրենց երեխաները:

Բացի այդ, շատ հարցեր են ծագում կապված այն բանի հետ, որ մարդկանց անձնական տվյալները հաճախ դառնում են հասարակության անվերահսկելի սեփականությունը: Նաև ապատեղեկատվության զանգվածային տարածման հնարավորություն կա:

Այստեղ համապատասխան կրթություն է հարկավոր: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ նույնիսկ շատ գրագետ և կրթված մարդիկ, ովքեր առաջին անգամ են ինտերնետ մուտք գործում, չափազանց խոցելի են, քանի որ չեն հասկանում վիրտուալ աշխարհի խաղի կանոնները: Ավելին՝ այդ կանոնները մշտապես փոխվում են: Այդ պատճառով շատ կարևոր է երեխաների և երիտասարդների կրթությունն, այսպես կոչված, վիրտուալ հիգիենայի տեսանկյունից, ինչպես նաև՝ մեծահասակների կրթությունը, ովքեր հանկարծակի են հայտնվել վիրտուալ աշխարհում:

Կան մի շարք սպառնալիքներ, որոնք արդեն տեղեկատվական անվտանգությանն են անդրադառնում՝ ապատեղեկատվության տարածումը, կեղծ տեղեկատվական պորտալները և այլն: Սա արդեն ոլորտ է, որով զբաղվում են համապատասխան կառույցները, որոնք ներգրավված են պետական մակարդակով տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում:

- Գոյություն ունի՞ գրաքննություն հետխորհրդային ԶԼՄ-ներում: Որո՞նք են դրա առանձնահատկությունները ԶԼՄ-ների՝ որպես քաղաքական կառույցների իրական գործարկման տեսակետից: Ինքնագրաքննությունը օբյեկտի՞վ, թե՞ սուբյեկտիվ հոգեբանական և պատմական ֆենոմեն է:

- Բնականաբար, հետխորհրդային տարածքում գրաքննությունը, ԶԼՄ-ների վրա ճնշումը, ինքնագրաքննությունը բավականին սովորական երևույթ է: Եթե խոսենք կոնկրետ ցանցի մասին, ապա կան երկրներ, որտեղ, ասենք, ընդդիմադիր կայքերն արգելափակվում են բավականին հրապարակային կերպով պաշտոնական մակարդակով: Կան երկրներ, որտեղ ցանցային ակտիվիստների վրա լուրջ ճնշում է գործադրվում:

Եթե խոսենք Հայաստանի մասին, ապա ինտերնետը մեզ մոտ բավականին ազատ տեղեկատվական միջավայր է, և մեզ մոտ որևէ խնդիր չի նկատվում՝ չհաշված 2008 թ.-ի մարտի արտակարգ դրությունը: Այսօր առցանց ԶԼՄ-ների հայկական հատվածն աճում է անհավանական արագությամբ, ամբողջովին հակադիր քաղաքական և սոցիալական հայացքների և ուղղությունների կայքեր են գործում: Ավելին, հաշվի առնելով 2012 և 2013 թթ.-ին կայանալիք ընտրությունները՝ կարելի է չկասկածել, որ ցանցային ԶԼՄ-ներն աճելու են անձրևից հետո սնկի արագությամբ:

Իրականում մենք այլ խնդիր ունենք, կայքերի թիվը, մեղմ ասած, չի հանգեցնում նրանց որակի բարձրացման: Սակայն սա արդեն այլ հարց է:

- Որքանո՞վ են անկախ ազգային ԶԼՄ-ները քաղաքական և ֆինանսական կառույցներից, պետությունից: Հնարավո՞ր է, արդյոք, ԶԼՄ-ների անկախությունը տնտեսական ճգնաժամի պայմաններում:

-Բնականաբար, Հայաստանում, ինչպես ամենուր, ԶԼՄ-ների անկախության հետ կապված խնդիր կա: Եթե չդիտարկենք հեռուստատեսությունը, որն, ակնհայտորեն, ամենաքիչ ազատ միջավայրն է, ապա տեղեկատվության մնացած ոլորտներում մենք ունենք ազատ, բայց ոչ անկախ ԶԼՄ-ներ: Սա նաև կապված է այն բանի հետ, որ շուկան փոքր է, իսկ հրատարակությունների մեծ մասը ֆինանսական անկախության ապահովման հատուկ միջոցներ չի էլ փնտրում:

Հետևաբար, ԶԼՄ-ները հայտնվում են այս կամ այն ազդեցության տակ՝ ինչպես իշխանամետներն, այնպես էլ ընդդիմադիրները: Սակայն առցանց ԶԼՄ-ների ոլորտն է ֆինանսական ազատության հնարավորություն տալիս, քանի որ հրատարակությանը թույլ է տալիս գործել նվազագույն ծախսերով, որոնց մասին չեն էլ կարող երազել այլ տեսակի ԶԼՄ-ների խմբագրությունները:

Բնականաբար, ճգնաժամը նվազեցնում է հնարավորությունները, սակայն, ամեն դեպքում, կարելի է պնդել, որ տեսականորեն անկախ ցանցային հրատարակությունները մեզ մոտ հնարավոր են: Եվ գործնականում այդպիսիններ գոյություն ունեն:

- Ձեր կարծիքով՝ հարկավո՞ր է, արդյոք, ԶԼՄ-ների պետական կամ այլ կարգավորում ներդնել: Ո՞ր դեպքերում դա անհրաժեշտ կլինի:

-Կարգավորումը պետք է լինի անբարեխիղճ լրագրությունից քաղաքացիների իրավունքների պաշտպանության տեսակետից: Սակայն հարկավոր է հաշվի առնել, որ պետական կարգավորումը առողջ բանակության սահմանն անցնելու միտում ունի և հանգեցնում է գրաքննության ներդրմանը, մամուլի վրա ճնշում գործադրելուն: Քաղաքացիական հասարակությունը  պետք է հավարակշռության բերի այդ ձգտումը:-0-