«Երեմյան Փրոջեքթսի» ղեկավար. աշխատում ենք գյուղատնտեսության ոլորտում, որպեսզի հնարավորինս կանխենք պարենային անվտանգության հետ կապված հնարավոր խնդիրները

29.03.2020, 11:55
«Երեմյան Փրոջեքթս» ընկերության հիմնադիր և սեփականատեր Դավիթ Երեմյանի հարցազրույցը` «ԱՌԿԱ» և «Նովոստի–Արմենիա» գործակալություններին #SaveBusiness հատուկ նախագծի շրջանակում
«Երեմյան Փրոջեքթսի» ղեկավար. աշխատում ենք գյուղատնտեսության ոլորտում, որպեսզի հնարավորինս կանխենք պարենային անվտանգության հետ կապված հնարավոր խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի./Նովոստի–Արմենիա/. «Երեմյան Փրոջեքթս» ընկերության հիմնադիր և սեփականատեր Դավիթ Երեմյանի հարցազրույցը` «ԱՌԿԱ» և «Նովոստի–Արմենիա» գործակալություններին #SaveBusiness հատուկ նախագծի շրջանակում։

Ինչպե՞ս է փոխվել «Երեմյան Փրոջեքթս»-ի գործունեությունը Հայաստանում կորոնավիրուսի վարակի տարածումից հետո։

 - рис.1

Դ. Երեմյան. Մարտի 16-ին, երբ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ՀՀ կառավարությունը Հայաստանի ամբողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց, հենց նույն օրը ժամանակավորապես դադարեցրեցինք «Երեմյան Փրոջեքթս» ընկերության բոլոր ռեստորանների գործունեությունը: Մեր հարազատների առողջությունը, մեր երկրի անվտանգությունն ամենակարևորն են:

Ստեղծված իրավիճակում «Երեմյան Փրոջեքթս»-ի թիմը կրկնակի հագեցած գրաֆիկով է աշխատում: «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցի առաքման ծառայությունը գործում է արտակարգ ռեժիմով և իրականացվում է անվճար Երևանի ողջ տարածքում:

Բայց սա ավելի շատ սոցիալական բաղադրիչ ունի. խոհանոցում պատրաստվող սննդի մեծ մասն ուղարկվում է մեկուսացման մեջ գտնվող մեր հայրենակիցներին, հիվանդանոցներ՝ բուժաշխատողներին, ուստի մասնավոր պատվերներից ստացված եկամուտը հիմնականում ուղղում ենք հենց այդ բարեգործական նախաձեռնություններին։ Բնականաբար մեր առաքիչները սնունդը մատակարարում են պահպանելով սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները՝ կրելով ձեռնոցներ, դիմակներ, օգտագործելով ախտահանիչ միջոցներ: Հիմա էլ առաքման ցանցի մեծ թիմին միացել են նաև «Երեմյան Փրոջեքթս»-ի այլ աշխատակիցներ՝ մեր մենեջերները, մատուցողները, որպեսզի ավելի արագ և արդյունավետ կազմակերպենք մեր աշխատանքը:

Որքանո՞վ է առաքման ծառայությունը պահանջված, ի՞նչ են հիմնականում պատվիրում։

Դ. Երեմյան. Հատկապես այս շրջանում անմիջական շփումներից ու մարդաշատ վայրերում հայտնվելուց զերծ մնալու համար առաքման ծառայություններից օգտվելն ամենանպատակահարմարն է: Այս տեսանկյունց առաքման ծառայությունների նշանակությունն աճել է: Հիմա առավել քան կարևորվում է թարմ մթերքներից պատրաստված առողջ սնունդը։

Ինչ վերաբերում է «Պանդոկ Երևանի» առաքման ծառայության պատվերներին, նշեմ, որ ակտիվություն ամենից շատ նկատվում է 12.00, 17.00-18.00 և 21.00-ից հետո՝ այսինքն ընդմիջման, ճաշի և ընթրիքի ժամերին։

Հաճախորդների թվում են բանկերի, տարբեր հաստատությունների ներկայացուցիչները, ինչպես նաև տանից աշխատող կամ պարզապես ինքնամեկուսացման մեջ գտնվող մեր քաղաքացիները:

Ընդհանուր առմամբ չեմ կարող ասել, որ ծավալը լրջորեն փոխվել է, քանի որ փոխվել են նախ և առաջ պատվերների բնույթը։ Եթե մինչև արտակարգ դրություն գրանցում էինք հիմնականում անհատական փոքր պատվերներ, յուրաքանչյուրը քիչ արժեքով, ապա այսօր որոշակիորեն փոխվել է թե՛ պատվերների քանակը, թե՛ դրանց ընդհանուր արժեքը։ Այս օրերին ավելի շատ պատվիրում են ոչ թե առանձին անձինք իրենց, այլ՝ ամբողջ ընտանիքի համար` նախընտրությունը տալով ապուրներին, մսային ուտեստներին և այլն։ Կտրուկ նվազել են, նույնիսկ կարող եմ ասել, գրեթե չեն պատվիրում մեր ֆիրմային ուտեստները, որոնք նախատեսված էին տոնական խնջույքների համար․ մարդիկ չեն հավաքվում մեծ ճաշկերույթների։

Եվ մենք էլ, գիտակցելով սոցիալական հեռավորություն պահելու և անմիջական շփումներից զերծ մնալու կարևորությունը՝ հորդորում ենք, որ պատվեր տալուց մարդիկ վճարեն անկանխիկ՝ հատուկ տերմինալով։ Անկանխիկ վճարման տերմինալները ևս ախտահանվում են յուրաքանչյուր օգտագործումից հետո։

Գործարկվե՞լ են արդյոք «հակակորոնավիրուսային» միջոցառումներ։

 - рис.2

Դ. Երեմյան. Անկախ ստեղծված իրավիճակից՝ մեր հաստատություններում ախտահանման գործընթացն ամենօրյա աշխատանքի մասն է, որը մշտապես վերահսկվում է: Իսկ այս օրերին մենք ուժեղացրել ենք հսկողությունը սանիտարական նորմերի և կանոնների պահանջների կատարման նկատմամբ, ինտենսիվացրել ենք ախտահանման գործընթացներն ու ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ:

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության բոլոր հաստատություններում տեղադրված են բակտերիցիդային լամպեր և օդի վարակազերծիչ սարքեր, հաճախակի ախտահանվում են դռների բռնակները, սարքավորումները, սանհանգույցներն ու ընդհանուր տարածքները: Ամեն օր մեր բոլոր աշխատակիցներն անցնում են զննում. ստուգվում է նրանց ջերմությունը, տրամադրվում են հակասեպտիկ միջոցներ,  բժշկական պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ։ 

Հույս ունե՞ք, որ պետությունը կօգնի։ Կոնկրետ ի՞նչ միջոցառումներ կկարողանային աջակցել ձեր բիզնեսին այս իրավիճակում։

Դ. Երեմյան. Նմանատիպ իրավիճակում աշխարհի մի շարք երկրներում տնտեսական ճգնաժամերից խուսափելու համար պետությունն աջակցում է բիզնեսներին: Օրինակ` հարկադիր պարապուրդի գնացած աշխատակիցների աշխատավարձերի սուբսիդավորում է իրականացնում: Մենք, ինչպես և շատ բիզնեսներ ձգտում ենք պահպանել մեր թիմը, մեր աշխատակազմը։ Սակայն հիմա, չգիտենք էլ, թե որքան կտևի այս իրավիճակը, շատ հնարավոր է, որ որոշ ժամանակ անց բիզնեսն ուղղակի չկարողանա պահել իր աշխատակիցներին: Բիզնեսներին անտոկոս վարկեր տրամադրելու վերաբերյալ միջոցառումներն ինչ-որ չափով կթեթևացնեն գործարարի հոգսը, բայց ամբողջությամբ հարցի լուծում չեն։

Ռուս ռեստորատորները ոլորտում ստեղծված իրավիճակն արդեն համարում են աղետալի և կործանարար։ Համաձա՞յն եք այս գնահատականի հետ։ Ինչպե՞ս կմեկնաբանեիք այս ոլորտում ստեղծված իրավիճակը Հայաստանում։

 - рис.3

Դ. Երեմյան. Այս պայմաններում ամենից շատ տուժած ոլորտներից է HoReCa-ն՝ ռեստորանային և հյուրանոցային ծառայությունները: Չի բացառվում, որ ստեղծված իրավիճակը կայունանալուն պես մի շարք ռեստորաններ, սրճարաններ, ժամանցի վայրեր  այլևս չկարողանան ոտքի կանգնել և շարունակել իրենց գործունեությունը: Շատ հաստատություններ ուղղակի կփակվեն։ Կարծում եմ` այսօր և առաջիկայում բիզնեսների համար շատ դժվար է լինելու վերականգնել տարիների ստեղծածը, շարունակել բնականոն աշխատանքը: Դեռ բավականին երկար ժամանակ ու ռեսուրս կպահանջվի, և այդտեղ էլ է անհրաժեշտ պետության աջակցությունը։
Մենք էլ զարգացման ուժգին տեմպ ունեինք, համարձակ ծրագրեր։ Բայց այս պահին «Երեմյան Փրոջեքթս»-ը «սառեցրել է» երկարաժամկետ ծրագրերն ու պլանները: Մարտավարության կտրուկ փոփոխություն է լինելու, և բոլորս սպասում ենք, թե երբ է մեղմանալու այս ճգնաժամային իրավիճակը։

Ներկայում մենք մեր գործունեության վեկտորը փոխել ենք դեպի գյուղատնտեսական նախագծեր, քանի որ հնարավոր են ռիսկեր պարենային անվտանգության հետ կապված։ Ակտիվ աշխատում ենք գյուղատնտեսության ոլորտում, որպեսզի հնարավորինս կանխենք պարենային անվտանգության և մթերքի սակավության հետ կապված հնարավոր խնդիրները:

Հիմա ակտիվ գործարկում ենք կաթնամթերքի արտադրությունը, և շուտով շուկա կմտնի մեր ֆերմաների կաթը։ Մեր Դիլիջանի ֆերմայի միսն ենք բաց թողել շուկա։ Եվ հետ չենք կանգնել այն մտքից, որ պլանավորած նոր անասնաքանակը մուտք գործի Հայաստան, որպեսզի մեր բնակիչներին ապահովենք որակյալ սննդամթերքի անհրաժեշտ քանակով:

Կատարե՞լ եք կորոնավիրուսի հետևանքով ոլորտին հասցված վնասի նախնական հաշվարկ։

Դ. Երեմյան. Քանի որ անորոշ է, թե որքան է շարունակվելու այս իրավիճակը, ամբողջական հաշվարկներ չունենք, դեռևս ուսումնասիրում ենք, թեպետ և յուրաքանչյուր օր իմ սեղանին հայտնվում են հաշվետվություններ, որոնք, ավաղ, սփոփիչ չեն …

Այնուամենայնիվ, չենք հուսահատվում։ Զինվե՛նք համբերությամբ և լավատեսությամբ: Լինե՛նք հոգատար և նրբանկատ: Եվ ամենակարևորը՝ լինե՛նք առողջ։–0–