Միլզ. ԱՄՆ դեսպանատունը կաջակցի Հայաստանին մարտահրավերներին հակազդելու գործում

04.12.2015, 19:14
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը խոսել է այն մասին, թե, արդյոք, մեր երկրները ներուժ ունեն հարաբերություններ հետագա զարգացման համար, ինչպե՞ս է վերաբերվում ԱՄՆ–ն ՀԱՊԿ–ին և ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությանը, ԱՄՆ–ն ի՞նչ է մտածում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի մասին։
Միլզ. ԱՄՆ դեսպանատունը կաջակցի Հայաստանին մարտահրավերներին հակազդելու գործում

Հայ–ամերիկյան հարաբերությունները զարգանում են կառուցողական հունով։ Վերջերս ԱՄՆ–ի և Հայաստանի մոտ հետաքրքրություններ են առաջացել տնտեսական համագործակցության ոլորտում։ «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը խոսել է այն մասին, թե, արդյոք, մեր երկրները ներուժ ունեն հարաբերություններ հետագա զարգացման համար, ինչպե՞ս է վերաբերվում ԱՄՆ–ն ՀԱՊԿ–ին և ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությանը, ԱՄՆ–ն ի՞նչ է մտածում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի մասին։

«Նովոստի–Արմենիա» – Պարոն դեսպան, ինչպե՞ս կբնութագրեիք հայ–ամերիկյան հարաբերությունների ներկա մակարդակը։ Բավարարու՞մ է այն երկու կողմերին, և գոյություն ունի՞, արդյոք, ներուժ հարաբերությունների հետագա զարգացման համար։

Ռ. Միլզ – Հայ-ամերիկյան հարաբերությունները Հայաստանի անկախությունից ի վեր աստիճանական զարգացում են ապրել: Երբ 1990-ականներին ԱՄՆ պետքարտուղարությունում ես սկսեցի զբաղվել Հայաստանի հարցերով, հարաբերությունների բնույթը աջակցությունն էր Հայաստանին՝ անկախությանը հաջորդած առաջին դժվարություններով լեցուն տարիներին և օգնությունը` միտված երկրի հետխորհրդային բարեփոխումներին:

Այժմ այդ հարաբերությունները վերաճել են առևտրի վրա հիմնված հարաբերությունների, ինչի մասին են վկայում Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի հաջողված անդրանիկ նիստը, ինչպես նաև Հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկված հիմնարար խնդիրները։ Մենք ընդլայնել ենք նաև մեր երկկողմ հարաբերությունները ռազմական ոլորտում և շարունակում ենք միասին աշխատել մի շարք այլ կարևոր ոլորտներում:

Նոյեմբերի 10-ին Հայ-ամերիկյան առևտրաարդյունաբերական պալատում ունեցած իմ ելույթում ես առանձնացրեցի չորս առաջնահերթ ոլորտներ` տնտեսական կապերի խորացում, Հայաստանի հետ համատեղ կոռուպցիայի դեմ պայքար, ժողովրդավարական հաստատությունների և քաղաքացիական հասարակության ամրապնդում, ԱՄՆ քաղաքականության ավելի համակողմանի ներկայացում, որոնցում երկկողմ հարաբերությունները կխորացվեն և կբարելավվեն իմ և դեսպանատան ջանքերով: Ես և դեսպանությունը կշարունակենք գործակցել հայ ժողովրդի հետ, երբ վերջիններս ջանում են երկրի առաջ ծառացած մարտահրավերներին հայկական լուծումներ գտնել:

«Նովոստի–Արմենիա» – Հայաստանը Ռուսաստանի հետ ներառված է միևնույն ռազմաքաղաքական դաշինքում, իսկ այս տարվա հունվարից երկիրը դարձավ ԵՏՄ լիիրավ անդամ։ Բացի այդ, Հայաստանում տեղակայված է ռուսական ռազմակայան։ Որքանո՞վ այս փաստերը կարող են ազդել Հայաստան–ԱՄՆ փոխհարաբերությունների վրա։

Ռ. Միլզ – Միացյալ Նահանգները գիտակցում են, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա նշանակալի հարաբերությունները աշխարհագրական ու պատմական հիմքեր ունեն: Ձեր երկու երկրներն ունեն ամուր պատմական կապեր: Բայց ես իրապես հավատում եմ, կարծում եմ, որ հայերի մեծամասնությունը նույնպես հավատում է, որ հայ-ռուսական կապերը, ինչպես նաև Հայաստանի անդամակցությունն այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական միությունը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չպետք է հետ պահի և հետ չի պահում Հայաստանին Միացյալ Նահանգների, Եվրամիության և արևմտյան այլ գործընկերների հետ երկկողմ շահավետ կապեր ունենալուց: Այս հարաբերությունները մեկը մյուսին չեն բացառում: Այնպես չէ, որ մեկի օգուտը վնաս է մյուսի համար:

«Նովոստի–Արմենիա» – Հայաստանը բավականին լավ դիրքեր է զբաղեցնում Համաշխարհային բանկի «Doing Business» վարկանիշում, ինչը նախատեսում է շահավետ պայմաններ ձեռներեցության համար։ Սակայն ամերիկացի ներդրողները դեռևս պասիվ են մեր երկրում։ Ի՞նչ քայլեր են հարկավոր ամերիկացի ներդրողներին և գործարարներին Հայաստան ներգրավելու համար։

Ռ. Միլզ – Երկրով ճանապարհորդելիս ԱՄՆ բիզնես ներդրողներից, ինչպես նաև Հայաստանի շարքային քաղաքացիներից ես լսում եմ, որ գործարար տղամարդիկ ու կանայք, երբ փորձում են գումար վաստակել Հայաստանում, մարտահրավերների առաջ են կանգնում: Այդ պատճառով դեսպանատունն աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ բիզնեսի շրջանում արդարացի մրցակցության ապահովման ուղղությամբ: Ցանկանում եմ նաև ընդգծել, որ ներդրումներ ներգրավելու գործում կարևոր դեր ունեն ՀՀ ժողովուրդն ու կառավարությունը: Ընկերությունները ներդնում են այնպիսի երկրներում, որտեղ կա կանխատեսելիություն և թափանցիկություն ցանկացած ոլորտում՝ հարկային, մաքսային կանոնակարգերից մինչև դատական վարույթներ: Թեպետ մենք չենք կարող ստիպել ԱՄՆ գործարարներին մուտք գործել հայկական շուկա, ԱՄՆ դեսպանատունն իր Տնտեսական և կոմերցիոն բաժնի ակտիվ գործունեության միջոցով ներկայացնում է առկա գործարար և առևտրային հնարավորությունները տարեկան կտրվածքով պատրաստվող երկու զեկույցների միջոցով` «Երկրի կոմերցիոն ուղեցույց» և «Ներդրումային միջավայրի մասին տեղեկանք»։

«Նովոստի–Արմենիա» – Հայկական տնտեսության ո՞ր ոլորտները կարող են հետաքրքրել ամերիկացի ձեռներեցներին։

Ռ. Միլզ – Ամերիկացի ներդրողներն արդեն իսկ հետաքրքրված են Հայաստանում առկա հնարավորություններով: Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև երկկողմ առևտրաշրջանառությունը 2014թ.–ին կազմել է 153 միլիոն ԱՄՆ դոլար: Ամերիկյան ապրանքների` թռչնամիս, մեքենաներ, տրանսպորտային միջոցներ, օպտիկական և բժշկական սարքավորումներ, ներմուծումը Հայաստան 2014թ.–ին կազմել է 56 միլիոն ԱՄՆ դոլար:

2013 թ.-ին ԱՄՆ արտաքին ուղղակի ներդրումների ծավալը Հայաստանում կազմել է մեկ միլիոն ԱՄՆ դոլար, ինչը կտրուկ աճել է այս տարի ամերիկյան Կոնտուր Գլոբալ ընկերության կողմից Որոտանի հիդրոկասկադի ձեռքբերումից հետո:

2014թ.–ին Հայաստանից ԱՄՆ ներմուծվել են 96 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանքներ ՝ ալյումին, հագուստեղեն, կոնյակ, ադամանդ և պահածոյացված միրգ ու բանջարեղեն:

Հայաստանի արտաքին ուղղակի ներդրումների ծավալը Միացյալ Նահանգներում 2013թ.–ին կազմել է 1 միլիոն ԱՄՆ դոլար:

Միացյալ Նահանգները շարունակում են մնալ Հայաստանի կարևոր առևտրային գործընկերներից մեկը: Դրա մասին են վկայում մեր երկրների միջև ամուր, պատմական կապերը՝ տնտեսական, քաղաքական և մշակութային ոլորտներում: 2015 թ.–ին երկրի կոմերցիոն ուղեցույցում որպես բիզնեսի հնարավորության պոտենցիալ ոլորտներ մենք առանձնացրել ենք էներգետիկայի և հանքարդյունաբերության (հետազոտություններ, շահագործում և օժանդակ ծառայություններ), այլընտրանքային էներգետիկայի, ագրոբիզնեսի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև ծառայությունների (մանրածախ առևտուր, ճամփորդություն և տուրիզմ) ոլորտները:

«Նովոստի–Արմենիա» – Դեկտեմբերի 6–ին Հայաստանում կանցկացվի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, որով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։ Ձեր կարծիքով` սա քայլ առա՞ջ է ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին։

Ռ. Միլզ – Սահմանադրությունը փոխելու-չփոխելու կամ ինչպես փոխելու որոշումը պատկանում է ՀՀ քաղաքացիներին: Մենք տեսնում ենք համակողմանի և բաց քննարկման անհրաժեշտություն, որը կարտահայտի ամբողջ ազգի տեսակետը: Հանրաքվեի քարոզարշավում ներառական բանավեճը կերաշխավորի սահմանադրության լեգիտիմությունը՝ անկախ հանրաքվեի արդյունքներից: Քարոզարշավի ընթացքում սահմանադրական առաջարկվող փոփոխությունների ընդդիմադիրներին անհրաժեշտ է տրամադրել եթերաժամանակ և իրենց կարծիքներն արտահայտելու լայն և հավասար հնարավորություններ: Կարևոր է, որ հավասարապես լսելի լինեն բոլոր ձայները՝ այո, ոչ կամ որևէ այլ ձայն: Մամուլում վերջին շրջանում տեղ գտած հրապարակումներն այն մասին, որ կրթական, տեղական ինքնակառավարման, առողջապահական պաշտոնյաները չարաշահում են իրենց պաշտոնեական դիրքը՝ պարտադրելով իրենց աշխատակիցներին սատարել առաջարկվող փոփոխություններին, մտահոգիչ էին ինձ համար: Սակայն ես ողջունում եմ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնառությունն առ այն, որ պատասխանատվության կենթարկվի ցանկացած պետական պաշտոնյա, ով կփորձի «վարչական ռեսուրսի» կիրառմամբ ազդել դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքների վրա:

«Նովոստի–Արմենիա» – Ղարաբաղյան հակամարտության գոտու իրավիճակը պարբերաբար սրվում է և կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ԱՄՆ–ն` որպես ԵԱԿ ՄԽ համանախագահ–երկիր լարվածությունը թուլացնելու և հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար։

Ռ. Միլզ – Թույլ տվեք կրկնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ դեսպան Ուորլիքի վերջին շրջանի հայտարարությունները, որտեղ նա մտահոգություն էր հայտնում այս լարվածության վերաբերյալ: Երևան կատարած վերջին այցի ժամանակ նա մասնավորապես ասել էր. «Եթե կողմերը լրջորեն են մոտենում հակամարտության բանակցային կարգավորմանը, ապա պետք է գիտակցեն, որ շփման գծի երկայնքով և միջազգային սահմանին լարվածության սրմամբ դա հնարավոր չի լինի: Մենք պետք է հարգենք հրադադարի ռեժիմը, որպեսզի բանակցությունները հաջողությամբ պսակվեն»:

«Նովոստի–Արմենիա» – Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի դերակատարությունը միջազգային խաղաղապահ առաքելություններում` երկրագնդի վրա խաղաղություն ապահովելու համար։ Վաշինգտոնը շարունակելու՞ է համագործակցել Երևանի հետ այդ ոլորտում։

Ռ. Միլզ – Միջազգային անվտանգության հարցում Հայաստանի առաջատար դերակատարման, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի կազմում իր հետզհետե ավելացող ու գործուն մասնակցության վերաբերյալ գովեստի բավարար խոսքեր չեմ գտնում: 1994թ.-ից ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի մասնակից դառնալուց ի վեր` Հայաստանը մշտապես արժանացել է ՆԱՏՕ-ի ղեկավարության գովեստին ու բարձր գնահատականին՝ Կոսովոյում և Աֆղանստանում կարևոր գործողությունների մասնակցության համար: Ողջունելի է նաև կառավարության վերջերս կայացրած որոշումը «Վճռական աջակցություն» առաքելությանը մինչև վերջ մասնակցելու վերաբերյալ, ինչպես նաև մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում՝ Լիբանանում և հավանաբար նաև Մալիում: Հայաստանի մասնակցությունը մատնանշում է, որ վերջինս պատրաստ է միջազգային հանրության հետ աշխատել առավել խաղաղ ու առավել արդարացի աշխարհ կերտելու ուղղությամբ:

«Նովոստի–Արմենիա» – Ի՞նչ դերակատարություն ունի ԱՄՆ–ի հայկական համայնքը մեր երկրների երկկողմ համագործակցության ամրապնդման համար։

Ռ. Միլզ – Միացյալ Նահանգները հպարտանում են հայ-ամերիկյան մեծ և ակտիվ համայնքով, որն իր մեծ ներդրումն է ունեցել ամերիկյան կյանքում, ինչպես նաև Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ամուր կապերի ձևավորման հարցում: Մենք կապի մեջ ենք սփյուռքի մեր գործընկերների հետ` (լինեն դրանք խոշոր կազմակերպություններ, բարեգործական կառույցներ, թե համայնքի ազդեցիկ անդամներ) փոխանակելու կարծիքներ Հայաստանի կարիքների, հայ և ամերիկացի ժողովուրդների միջև կապերի ամրապնդման վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանում և տարածաշրջանում իրականացվող ամերիկյան քաղաքականությունը նրանց ներկայացնելու նպատակով: Սփյուռքըն արժեքավոր ռեսուրս է Հայաստանի համար՝ նոր գաղափարների, աջակցության և օգնության աղբյուր: Դեսպանատունը քաջալերում է վերջինիս նման դերակատարումը:–0–