Իրինա Ռոդնինա. Սիրում եմ Հայաստանը ջերմության և անկեղծության համար

01.03.2016, 11:52
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի 10–ակի չեմպիոն Ռոդնինան խոսել է այն մասին, թե ինչի համար է սիրում Հայաստանը, ինչպես չեմպիոն դաստիարակել և ինչն է դրդել իրեն զբաղվել քաղաքականությամբ։
Իրինա Ռոդնինա. Սիրում եմ Հայաստանը ջերմության և անկեղծության համար

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի./Նովոստի–Արմենիա/. Լեգենդար մարզիկ և մարզիչ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան «Գրիբոյեդով» ակումբի հրավերով գտնվում է Երևանում։

Ռոդնինան այցելել է Երևանի գեղասահքի դպրոց («Իրինա Ռոդնինայի անվան մարզադպրոց»), որտեղ զրուցել է դպրոցի տնօրեն Մելինե Ավագյանի, մարզիչների և սաների հետ` տալով մի քանի արժեքավոր խորհուրդներ։

«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի 10–ակի չեմպիոն Ռոդնինան խոսել է այն մասին, թե ինչի համար է սիրում Հայաստանը, ինչպես չեմպիոն դաստիարակել և ինչն է դրդել իրեն զբաղվել քաղաքականությամբ։

 - рис.1

«Նովոստի–Արմենիա» – Վերջին տարիներին հաճախ եք այցելում Հայաստան։ Դեկտեմբերին Երևանում բացվեց Ձեր անունը կրող մարզադպրոցը։ Կարելի՞ է ասել, որ Հայաստանի հետ Ձեզ կապում են ոչ միայն պրոֆեսիոնալ հետաքրքրությունները։

Ռոդնինա – Հայաստանին և Ռուսաստանին բարի ավանդույթներ են կապում։ Ինձ թվում է, որ Հայաստանն այն քիչ թվով երկրներից է, որի հետ պահպանվեցին շատ բարեկամական և ջերմ հարաբերություններ մեր ընդհանուր երկրի փլուզումից հետո։ Մեր երկու ժողովուրդներն էլ շատ են տառապել։ Ես եղել եմ հանձնաժողովի անդամ, որը զբաղվել է Սպիտակի երկրաշարժից տուժածների խնդիրներով։ Հայաստանի հետ ինձ շատ բան է կապում նաև գործնական ոլորտում, քանի որ հիմա Պետդումայում ԱՊՀ, եվրոպական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ եմ։ Կարծում եմ, որ մեծ նշանակություն ունի նաև այն փաստը, որ մենք բավականին օպերատիվ լուծեցինք ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության հարցը։

«Նովոստի–Արմենիա» – Ի՞նչն եք ամենից շատ սիրում Հայաստանում։

Ռոդնինա – Սիրում եմ մարդկանց, ջերմությունը, ոչ թե այն պատճառով, որ ես կոնկրետ ինչ–որ մեկին եմ սիրում, այլ պարզապես այն պատճառով, որ Հայաստանում միշտ շատ ջերմ են ու անկեղծ։

 - рис.2

«Նովոստի–Արմենիա»  – Իրինա Ռոդնինան ունի՞ չեմպիոններ դաստիարակելու բաղադրատոմս։ Եթե դա պրոֆեսիոնալ գաղտնիք չէ, նշեք, խնդում եմ, առանցքային պահերը։

Ռոդնինա – Բաղադրատոմս չկա։ Կայացած և արդյունավետ մարդ մեծացնելու համար հարկավոր է շատ աշխատանք կատարել։ Անհրաժեշտ է անհատական մոտեցում, այդ պատճառով ընդհանուր բաղադրատոմս չկա։

«Նովոստի–Արմենիա» – Այսինքն` չեմպիոնը տաղանդի կայծ է և ծավալուն աշխատա՞նք։

Ռոդնինա – Միանշանակ։ Եվ, իհարկե, մարզչի ու մարզիկի ընդունակությունները։

 - рис.3

«Նովոստի–Արմենիա» – Բոլոր կանանց մի հարց է հետաքրքրում. Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում կատարյալ կազմվածք ունենալ նման ծանրաբեռնվածության հետ մեկտեղ։ Հետևու՞մ եք դիետայի, թե՞ հարցը կենսակերպի մեջ է։

Ռոդնինա – Ես, երևի, ամենասխալ կենսակերպն եմ վարում։ Օրինակ, մի քանի օր առաջ ես Սիրիայում էի, այցելեցի մեր բազա։ Ապրում եմ` չհետևելով ռեժիմի։ Սակայն ինձ հետաքրքիր է ապրել, և ինձ, որպես մարզիկի, սովորեցրել են պատասխանատու լինել սեփական առողջության համար, և հենց դա էլ ազդում է արտաքին տեսքի վրա։

«Նովոստի–Արմենիա» – Ի՞ նչ նկատառումներից ելնելով` Դուք որոշեցիք դառնալ Պետդումայի պատգամավորը։ Կարողացա՞ք, արդյոք, մասնակցելով օրինաստեղծ գործունեությանը, որևէ բան փոխել երկրի կյանքում։

Ռոդնինա –  Այն պահին, երբ այդ որոշումը կայացվեց, բավականին մեծ թվով մարզիկներ մասնակցեցին Պետդումայի ընտրություններին։ Այդ ժամանակ Սպորտի մասին մեր օրենքը բավականին հին էր, մեծ խնդիրներ կային սպորտի, ֆիզիկական դաստիարակության ոլորտի նորմատիվային–օրենսդիր բազայում։

 - рис.4

«Նովոստի–Արմենիա» – Ձեզ հաջողվե՞ց անել այն, ինչ նախատեսել էիք։

Ռոդնինա – Շատ  բան է հաջողվել։ Սոչիի օլիմպիական խաղերը դա ապացուցեցին։ Սակայն դեռ շատ բան կա անելու, քանի որ գոյություն ունի բարձրագույն ձեռքբերումների սպորտ, սպորտ` որպես երկրի հեղինակություն։ Գոյություն ունի սպորտ, որը դաստիարակում է պատասխանատվության զգացում  և մարդկանց, որոնք ձգտում են մեծ արդյունքների հասնել, ինչը կարևոր է ցանկացած պետության համար։

«Նովոստի–Արմենիա» – Սպորտ և քաղաքականություն...ի՞նչ ընդհանուր բան կա և ո՞րն է սկզբունքային տարբերությունը։

Ռոդնինա –  Մենք սովորել ենք ասել, որ սպորտը քաղաքականությունից դուրս է, սակայն ինձ թվում է, որ սպորտն ու մեր պատգամավորական գործունեությունն են «մեղմ ուժի» քաղաքականություն։ Սպորտի միջոցով կարող ենք լուծել ժողովուրդների բարեկամությանը, փոխըմբռնմանը վերաբերող բազմաթիվ հարցեր։ Բոլոր հակամարտություններն ավելի լավ է տեղափոխել մարզական հարթակ, իսկ առավելություններն ավելի լավ է ապացուցել սպորտում։

«Նովոստի–Արմենիա»– Պատմեք, խնդրում եմ, Ձեր հոբբիի մասին։ Եթե հոբբի չունեք, ապա ինչպե՞ս եք լիցքաթափվում, ի՞նչն է Ձեզ ոգեշնչում։

Ռոդնինա – Իմ ամենամեծ հոբբին ապրելն է, լինել օգտակար հասարակությանը։ Ես տարբերություն չեմ դնում ազատ և աշխատանքային ժամերի միջև։ Ինձ հետաքրքիր է կյանքը, իսկ եթե կան արդյունքներ, ապա հենց դա էլ ոգեշնչում է, լրացուցիչ ուժ հաղորդում։

«Նովոստի–Արմենիա»  – Ո՞րն է Ձեր այսօրվա այցի նպատակը։ Պատրաստվու՞մ եք վարպետության դասեր կազմակերպել։ 

Ռոդնինա – Հարցը վարպետության դասերը չեն։ Ինձ համար արդեն հիանալի է այն փաստը, որ երեխաները սահում են։ Եկել եմ հեռանկարների մասին խոսելու համար, քանի որ սա իմ անվան մարզադպրոցն է։ Շատ երջանիկ եմ, որ գտնվեցին մարդիկ, ովքեր կարողացան դրական կերպով լուծել այս հարցը։ Որքան էլ մենք խոսենք, սակայն պայմանների բացակայության դեպքում չեն լինի նաև մարզական արդյունքներ։ Մեր գլխավոր խնդիրը ցանկացած պետության մեջ պայմանների և հնարավորությունների ստեղծումն է երեխաների համար։

«Նովոստի–Արմենիա» –«Սառցե դարաշրջան» շոուն ստեղծվել է գեղասահքը հանրաճանաչ դարձնելու համար...

Ռոդնինա – Այդպես չեմ կարծում։ Իմ կարծիքով` հեռուստատեսությունը սպորտի հանրաճանաչության հաշվին առաջ է մղում սեփական հանրաճանաչությունը։

«Նովոստի–Արմենիա» – Դա՞ է պատճառը, որ Դուք չեք մասնակցում։

Ռոդնինա – Ես չեմ մասնակցում, քանի որ դա շոու է, և ինձ դա չի հետաքրքրում...–0–