Ո՞վ է իրականում ծեծել երեխաներին, և ի՞նչ պայմաններում են նրանք ապրում․ նոր մանրամասներ Տավուշում տեղի ունեցած դեպքից
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Դաժան ծեծի ենթարկված երեխաները Տավուշի մարզի Խաշթառակ համայնքից են. ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝ նրանց ծեծի է ենթարկել հորաքույրը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Խաշթառակի համայնքապետ Անդրանիկ Վիրաբյանը։
«Ո՞վ է ասում, որ պապն է ծեծի ենթարկել, նման բան, վստահ եմ, չկա։ Պապը շատ խելոք, խեղճ մարդ է, դժվար նման բան աներ։ Վարկածներ կան, որ իրենց հորաքույրը կարող էր նման քայլի գնալ։ Պապը գյուղի բնակիչների հայաթներում գործ էր անում, օրվա հացը վաստակում էր։ Հորաքույրը 4-5 երեխա ունի, ամուսնացած բաժանված է, մտավոր խնդիրներ ունի»,- ասել է համայնքապետը։
Համայնքապետը նշեց, որ պատրաստվում են ընտանիքի բոլոր երեխաներին ուղարկել մանկատուն. «Հաճախակի էին հարևանները տան կողքից աղմուկ լսում»։
Հիշեցնենք, որ 6-ամյա երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բկ-ում։ Վիճակը ծայրահեղ ծանր է, ունի բազում վնասվածքներ, անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք։ Բժիշկները պայքարում են փոքրիկի կյանքի համար:-0-

