ԵՐԵՎԱՆ, 14 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը բերման ենթարկեց օպերայի սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից երեքին։
Այս պահին իրավիճակը Մաշտոցի պողոտայում և Թումանյանի փողոցի խաչմերուկում շարունակում է մնալ լարված։ Բողոքի ակցիայի մասնակիցները փորձում են փակել Մաշտոցի պողոտան, իսկ ոստիկանները հեռացնում են նրանց ճանապարհի երթևեկելի հատվածից։ Ոստիկանները շրջափակել են ակցիայի մասնակիցներին` փորձելով վերականգնել երթևեկությունը։
Հիշեցնենք, որ Օպերայի սրճարանների հարակից տարածքում իրավիճակը նախօրեին առավոտից լարվել էր։ Ընթանում էին սրճարանների ապամոնտաժման աշխատանքներ, ինչն առաջացրել էր դրանց սեփականատերերի դժգոհությունը:
Մոտ մեկ ամիս առաջ Երևանի քաղաքապետարանը հայտնել էր Օպերայի ազգային ակադեմիական թատրոնին հարող սրճարանները և ռեստորանները վերացնելու և այդ տարածքում կանաչ գոտին վերականգնելու մասին։
Մասնավորապես, Օպերային թատրոնի հարևանությամբ Ազատության հրապարակին հարող հողատարածքներ վարձակալած տնտեսվարող սուբյեկտներն իրազեկում են ստացել քաղաքապետարանի համապատասխան դեպարտամենտից։–0–