Ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակին գտել են. ԱԱԾ

20.12.2011, 12:09
Ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակին գտել են. ԱԱԾ
Ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակին գտել են. ԱԱԾ

Հայաստանի ԱԱԾ-ն պարզել է, թե ով է եղել երեկ կեսօրին Երևանի «Շտապօգնության» Ծառայության կենտրոնական ենթակայանում տեղադրված ռումբի վերաբերյալ կեղծ ահազանգի հեղինակը:

Ինչպես երեքշաբթի տեղեկացնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը, կեղծ ահազանգի հեղինակը Մեծ Այրում գյուղի  միջնակարգ  դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 16-ամյա Նվեր Մանվելի Լորսաբյանն է:

Հայաստանի ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդագրության համաձայն, ահազանգը ստացվել է նախօրեին՝ 12:58-ի սահմաններում: Դեպքի վայր են մեկնել  մեկ մարտական հաշվարկ, փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի և փրկարական ուժերի վարչության օպերատիվ խմբերը:

Դեպքի վայրում իրականացվել է «1-03» ծառայության աշխատակիցների տարհանում: Դեպքի վայր  ժամանած  ՀՀ ԶՈՒ սակրավորների խմբի և Ոստիկանության կինոլոգների  իրականացրած շենքի զննության արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

«Փաստի առթիվ  նախապատրաստված  նյութերը  փոխանցվել են  Ոստիկանություն»,- նշվում է հաղորդագրությունում:

ՀՀ ԱԱԾ-ն  ևս մեկ անգամ զգուշացնում է, որ նման արարքների հեղինակները կբացահայտվեն և կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: -0-