Գվատեմալայում երկու հայ մարզիչների են սպանել

10.08.2011, 13:12
Գվատեմալայում երկու հայ մարզիչների են սպանել

Երկու հայ մարզիչներ Հայաստանից՝ հայր և որդի, սպանվել են Գվատեմալայում, երեքշաբթի հայտնել են գվատեմալական ԶԼՄ-ները՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։

Վաթսունամյա Մանվել Մալոյանը և նրա որդին՝ 30-ամյա Դավիթ Մալոյանը, գնդակահարվել են երկուշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 17։30-ին (Երևանի ժամանակով՝ երեքշաբթի, ժամը 04։30-ին) «Մատեո Ֆլորես» մարզադաշտի մոտակայքում, որտեղ նրանք մարզում էին թեթև ատլետիկայի ազգային հավաքականը, նշում է ՌԻԱ Նովոստին։

Ականատեսների վկայությամբ, Մալոյանների P-218 BNJ համարանիշներով ավտոմեքենան կանգ է առել խաչմերուկում, որտեղ, հնարավոր է, վեճ է ծագել ճանապարհային երթևեկության կանոնները խախտած տաքսու ուղևորների հետ։ Անցորդները նշել են, որ ավտոմեքենաներում գտնվող մարդիկ նյարդային շարժումներով ինչ-որ բան էին քննարկում։

Անսպասելիորեն ուղևորներից մեկը հանել է ատրճանակը և կրակել Դավիթի դեմքին։ Հանցագործի մյուս փամփուշտը բաժին է ընկել Մանվելին, երբ նա փորձել է օգնություն ցուցաբերել որդուն։ Այնուհետև կրակողը դուրս է ցատկել մեքենայից և փախել այնհայտ ուղղությամբ։ Տուժածները ծանր վիճակում տեղափոխվել են «Ռուզվելտ» հոսպիտալ, որտեղ մի քանի ժամ անց մահացել են։
Հանցագործության վայրում 9 միլիմետր տրամաչափի մի քանի փամփշտակալ է հայտնաբերվել։
Ոստիկանությունը սպանության մի քանի վարկած ունի, չի բացառում կողոպուտի փորձը։ Կազմվել է սպանողի ֆոտոռոբոտը, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Էլեկտրոնային ԶԼՄ-ների հայտարարություններում Մալոյանների մարզիկները պահանջել են իրավապահ մարմիններից շուտափույտ քննել «բարբարոսական հանցագործության» բոլոր հանգամանքներն ու պատժել մեղավորներին։
Գվատեմալայի լրագրողները սխալմամբ հայտնել են, որ Մանվել և Դավիթ Մալոյանները Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ են եղել։ Ինչպես ՌԻԱ Նովոոստիի թղթակցին է հայտնել Գվատեմալայում ՌԴ գործերով ժամանակավոր հավատարմատար Եվգենի Մակեևը, զոհվածները Հայաստանի քաղաքացիներ են եղել և ռուսական դեսպանության հյուպատոսական բաժնում հաշվառված չեն եղել։

Դիվանագետն անձամբ ծանոթ է եղել Մանվել Մալոյանի հետ, ով Գվատեմալայում էր ապրում արդեն ավելի քան 10 տարի և մարզում էր թեթև ատլետիկայի ազգային հավաքականը։ Դավիթ Մալոյանը, ով ավելի ուշ էր երկիր տեղափոխվել, օգնում էր հորը մարզչական գործում։
Գվատեմալան Լատինական Ամերիկայի ամենավտանգավոր երկրներից է։ Պաշտոնական վիճակագրության համաձայն, այստեղ օրական, միջինը, 16 սպանություն է կատարվում։ -0-