Երևանի մետրոյի դեպոյի մոտ զենք–զինամթերքով տոպրակ է հայտնաբերվել

08.04.2024, 16:07
70 փամփուշտ, նռնակ , ատրճանակ․ Երևանի մետրոյի դեպոյի մոտ զենք–զինամթերքով տոպրակ է հայտնաբերվել
Երևանի մետրոյի դեպոյի մոտ զենք–զինամթերքով տոպրակ է հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ ապրիլի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Կարեն Դեմիրճյանի անվան» մետրոպոլիտենում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի Չարբախի մետրոպոլիտենի Դեպոյի հարևանությամբ քաղաքացին զենք-զինամթերք է թողել:

Ոստիկաններն ու պարեկները մի քանի հատվածում որոնողական աշխատանքներ կատարելուց հետո հայտնաբերել են կասկածելի պոլիէթիլենային տոպրակը, ինչից հետո դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի սակրավորները:

Սակրավորները քննիչի ներկայությամբ բացել են պոլիէթիլենային տոպրակը, որտեղ հայտնաբերել են գնդացրի 7․62 տրամաչափի 20 հատ փամփուշտ, АКМ տիպի ինքնաձիգի 7․62 տրամաչափի 50 փամփուշտ, F1 տիպի նռնակ՝ պայթուցիչով և թմբուկավոր ատրճանակ։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։