16–ամյա պատանին զենքի խանութից գազային ատրճանակ է գնել ու 17–ամյա պատանուց գողացել 120 հազար դրամ

08.04.2024, 19:37
16–ամյա պատանին զենքի խանութից գազային ատրճանակ է գնել ու 17–ամյա պատանուց գողացել 120 հազար դրամ
16–ամյա պատանին զենքի խանութից գազային ատրճանակ է գնել ու 17–ամյա պատանուց գողացել 120 հազար դրամ
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 3-ի ժամը 18.47-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Վանաձոր քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ անհայտ անձը ատրճանակի սպառնալիքով իր 17-ամյա որդուց հափշտակել է 120 հազար դրամ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Վանաձորի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում: 17-ամյա պատանին ոստիկաններին հայտնել է, որ եկեղեցու մոտ ոմն Էրիկ զենքի նմանվող առարկա ցույց տալով՝ ստիպել է իր մոտ եղած ամբողջ գումարը տալ իրեն, սակայն 173 հազար դրամից վերցնելով 120 հազարը՝ հեռացել է:

Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՆԳՆ ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, մարզային վարչության, Տարոնի և Սպիտակի բաժինների ծառայողների հետ համատեղ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ հանցագործությունը կատարել է վանաձորցի 16-ամյա պատանին:

Ապրիլի 4-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, նա Զորավար Անդրանիկի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել և տեղափոխվել է Բազումի բաժին:
Բացատրական աշխատանքի արդյունքում պատանին հայտնել է, որ գումար հափշտակելը նախապես է որոշել և, զենքի խանութից գնած գազային ատրճանակը գոտկատեղում թաքցնելով, ապրիլի 3-ի ժամը 16-ի սահմաններում դարանակալել է Տիգրան Մեծի պողոտայում գտնվող բանկոմատի մոտակայքում: Երբ նկատել է, որ մի տղա բանկոմատից փողը հանել և քայլում է դեպի պուրակ, հետապնդել է նրան, ապա զրույցի պատրվակով կանչել Զաքարյան փողոցի առողջարանի տարածք, որտեղ էլ ատրճանակի սպառնալիքով հափշտակել է 120 հազար դրամ: Հայտնել է նաև, որ գումարը ծախսել է, իսկ ատրճանակը՝ նետել:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը և գումարը հայտնաբերելու ուղղությամբ: Վանաձորցի 16-ամյա պատանին ներկայացվել է Լոռու մարզային քննչական վարչություն: Քրեական վարույթը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: