Սպանություն Տավուշում

20.03.2016, 11:15
Մարտի 18-ին  սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Սպանություն Տավուշում

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Մարտի 18-ին  սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Shamshyan.com կայքի հաղորդմամբ`ժամը 23:40-ի սահմաններում Բերդի բժշկական կենտրոնից ոստիկանության Բերդի բաժին ահազանգ է ստացվել, որ հիվանդանոցի մուտքի մոտ մահացած տղամարդու դի կա, իսկ 1 հոգու էլ սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով անհայտ անձը կամ անձինք թողել են հիվանդանոցի մուտքի մոտ և հեռացել:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը, ով վնասվածքը ստացել էր ձախ կրծքավանդակի սրտի հատվածում, Բերդ քաղաքի բնակիչ, 28-ամյա Գագիկ Ճաղարյանն է: Իսկ վիրավորը, ով վնասվածքը ստացել է սուր կտրող առարկայի հարվածից՝ հետույքի մասում, նույն քաղաքի բնակիչ, 38-ամյա Վրեժ Մաթևոսյանն է:

Կայքի հաղորդմամբ` հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ոստիկանության Բերդի բաժնի աշխատակիցները բաժնի պետ Գագիկ Դալաքյանի գլխավորությամբ պարզել են, որ վերջիններս վնասվածքները ստացել են Այգեպար գյուղում գտնվող ջրամբարի մոտ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ և քննչական համատեղ գործողություններ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։–0–