ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանը, ում Կոլումբիայում պատանդ էր վերցրել «Ազգային ազատագրման բանակ» (ԱԱԲ) խմբավորումը, խլել է զենքն իրեն ուղեկցող պահակից, վիրավորել հինգ մարդու և փախել։
Ինչպես հաղորդում է
«Կոմերսանտը», հղում անելով ԱԱԲ–ի տեղեկատվությանը, Ոսկանյանին պատրաստում էին ազատ արձակման։ «ԱԱԲ–ի կենտրոնական հրամանատարությունը ցավում է, որ չի կարողացել իրականացնել ազատ արձակման օպերացիան», – նշում են ապստամբներն իրենց կայքում։
Արսեն Ոսկանյանը Կոլումբիայում զբաղվում էր թունավոր գորտերի որսով` միջազգային շուկայում դրանք վաճառելու նպատակով։
ԱԱԲ–ն Կոլումբիայում գործող միակ խոշոր ապստամբական խմբավորումն է։ Ավելի վաղ ապստամբների խոշորագույն կազմակերպությունը` «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժը», երկրորդ փորձից համաձայնության էր եկել երկրի իշխանությունների հետ զինաթափման և խաղաղ կյանքին վերադառնալու շուրջ։–0–