Վրաստանում հայկական ընտանիք է սպանվել

11.07.2016, 16:12
Ախալքալաքում սպանվել է հայկական ընտանիք, հաղորդում է «Ռուսթավի-2»-ը:

Վրաստանում հայկական ընտանիք է սպանվել
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ախալքալաքում սպանվել է հայկական ընտանիք, հաղորդում է «Ռուսթավի-2»-ը:

«Նովոստի-Գրուզիա» գործակալության տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել Ջավաղքի Վաչիան գյուղում: Տանը հարևանները հայտնաբերել են 37-ամյա կնոջ և նրա 5, 16 և 18 տարեկան երեք երեխաների դիակները:

Տանը բնակվում էին միայն կինը և երեխաները, ընտանիքի հայրը մեկնել էր Ռուսաստան` արտագնա աշխատանքի։

«Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը հաղորդում է, որ դիակները տեղափոխվել են Նինոցմինդայի շրջան` դատաբժշկական փորձաքննության նպատակով:

Նախնական տվյալների համաձայն, ընտանիքը մահացել է երկու օր առաջ: Հեռուստաընկերության տվյալներով, մայրը և ավագ դստրերը մահացել են գլխի շրջանում բութ առարկայով հասցված հարվածներից, իսկ 5 տարեկան երեխան մահացել է շնչահեղձության հետևանքով:

Վրաստանի ՆԳՆ-ում զերծ են մնում մեկնաբանություններից և դեռևս չեն հայտնում, թե որ հոդվածով է հարուցվել քրեական գործը: -0-