ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի քննչական կոմիտեն գործ է հարուցել Ադրբեջանի կողմից բեռնատարի ուղղությամբ արձակած կրակոցների փաստի առթիվ, որի ղեկին Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է եղել, հաղորդում է ՔԿ–ի պաշտոնական կայքը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նոյեմբերի 5-ին՝ ժամը 15:07-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության մարտական հենակետերից ինքնությունը չպարզված անձանց կողմից տարբեր տրամաչափի մարտական զենքերից կրակոցներ են արձակվել Բաղանիս-Ոսկեպար սահմանամերձ միջպետական ավտոճանապարհով ընթացող բեռնատար ավտոմեքենայի ուղղությամբ։
Բեռնատարի ղեկին գտնվել է ՌԴ քաղաքացի Ա. Ելդզարովը, ով հաղորդում է տվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում:
Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (սպանության փորձ, հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով գույքը դիտավորությամբ վնասելը):
Ա.Ելդզարովը ճանաչվել է տուժող: Նա կրակոցների հետևանքով մարմնական վնասվածքներ չի ստացել:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ դեպքի վայրի զննություն հնարավոր չի եղել կատարել, քանի որ Բաղանիս-Ոսկեպար միջպետական ավտոճանապարհի և հարակից սահմանամերձ գյուղերի ուղղությամբ կրակոցները շարունակվել են։ –0–