ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Վարդենիսում 14–ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, հաղորդում է shamshyan.com կայքը։
Կայքի հաղորդմամբ` դեկտեմբերի 28-ին կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Վարդենիսի զինվորական հոսպիտալից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի աջ մասում հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 14 տարեկան տղա երեխա:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հրազենային վնասվածք ստացածը Վարդենիս քաղաքի բնակիչ, 14-ամյա Վանուշ Համբարձումյանն է, ով, ըստ բժիշկների հայտարարության, այս պահին դեպքի վերաբերյալ չի կարող խոսել, քանի որ գտնվում է վիրահատարանում:
Ոստիկաններն ու քնիչները պարզել են նաև, որ Համբարձումյանը հրազենային վնասվածքը ստացել է Վարդենիս քաղաքից դեպի տեղի հոգեբուժական կենտրոն տանող ճանապարհին, որտեղ զննությամբ հայտնաբերվել է «ՏՏ» տեսակի ատրճանակից արձակված կրակված 2 պարկուճ, որը ընթերականների ներկայությամբ առգրավվել է:
Կայքի հաղորդմամբ` փաստի առթիվ Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական համատեղ գործողություններ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:–0