ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին անկարգությունների ժամանակ աչքից զրկված 17-ամյա Սայաթ Հարությունյանը պատահաբար է հայտնվել իրադարձությունների մեջտեղում, Panorama.am-ին հայտնեց տուժածի քույրը՝ Սվետլաննա Հարությունյանը:
Սվետլաննան հայտնել է պարբերականին, որ ուսանող է, Երևանում սովորում է և աշխատում: Եղբայրը Գեղարքունիքից եկել էր Երևան՝ օգոստոսի 8-ի ծննդյան տարեդարձին ընդառաջ հագուստ գնելու:
«Քանի որ ես տանը չեմ եղել, աշխատանքի էի, ինքը գնացել է քաղաք ման գալու: Որոշել է Կենտրոնից ոտքով հասնել Սարի թաղ՝ հորեղբորը տեսնելու», - նշել է Սվետլաննան:
Նա նշել է, որ հորեղբայրը Սարի Թաղի բնակիչ չէ: Նա Ռուսաստանից նոր է վերադարձել և մի քանի օր ապրում է բարեկամների տանը:
Սվետլաննայի խոսքով, եղբայրը նույն պահին հասկացել է, որ աչքից զրկվել է: «Այդքանից հետո մեզ հույս է տալիս՝ ասելով ոչինչ, լավ կլինի, մի մտածեք»,- ավելացրել է տուժածի քույրը:
Սայաթի հոգեբանական վիճակը նորմալ է: Բժիշկների խոսքով, դեռ երկու օր նա կմնա հիվանդանոցում:
Երևանի ՊՊԾ գնդի գրավված շեմքի մոտ նախօրեին անցկացվող ակցիայի ցրման ժամանակ հիմնականում ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցների հետևանքով տուժել է մի քանի տասնյակ մարդ, այդ թվում Սարի թաղի բնակիչները: Վերջին տվյալներով, տարբեր մարմնական վնասվածքներով Երևանի հինգ բժշկական հաստատություններ է տեղափոխվել կամ դիմել 73 տուժած (բեկորային վիրավորումներ, այրվածքներ, սալջարդեր)։ -0-