ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում ձերբակալվել է մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի Աղբյուր Սերոբի փողոցի բնակիչ, 21-ամյա Գառնիկ Զաքարյանը, ով հետաքննության տվյալներով, վրաերթի ենթարկել 70-ամյա հետիոտնի և փախուստի դիմել:
Ինչպես հաղորդում է
shamshyan.com կայքը, Զաքարյանը կասկածվում է նոյեմբերի 25-ին մահվան ելքով վրաերթ կատարելու մեջ։
Երեկ՝ նոյեմբերի 28-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի որոշմամբ ձերբակալվել է: Ուրբաթ ժամը 19։00-ի սահմանում Լենինգրադյան փողոցի թիվ 31/5 հասցեի դիմաց Գ. Զաքարյանը իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 70-ամյա Ջորջ Նալբանդյանին։ Վարորդը վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։
Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ, նոյեմբերի 28-ին գիտակցության չգալով, մահացել է։
Նույն օրը փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 243 հոդվածի հատկանիշով (Տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը)։
Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության աշխատակիցների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է վրաերթ կատարածի ինքնությունը, ով մեղայականով ներկայացել է ոստիկանություն։
Կայքի հաղորդմամբ, մինչ նա կներկայանար ոստիկանություն, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ներկայացել նրա հայրը և հայտնել, որ տղան վրաերթ է կատարել, և ինքը տղայի փոխարեն ներկայացել է ոստիկաններին։
Կայքի տեղեկություններով, դեկտեմբերին 1-ին քննչական բաժինը դիմելու է Երևան քաղաքի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի։ -0-