ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 11։40-ի սահմանում Նուբարաշենի խճուղում՝ «Սառը ջրերի» մոտ, բախվել են 52-ամյա Արծրուն Մելյանի վարած «Opel Zafira» մակնիշի և 59-ամյա Լևոն Մարգարյանի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է
shamshyan.com կայքը, բախման հետևանքով «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել չգործող շաուրմայանոցի պատի մեջ։
Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները և Հայաստանի քննչական կոմիտեի քննիչները, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Կայքի հաղորդմամբ, վթարի մեղավորը մեկ այլ վարորդ է եղել, ով «06»-ով ստեղծել է վթարային իրավիճակ և խոչընդոտել նշված ավտոմեքենաներին, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել վթարը։
ՃՈ-ն ու քննչական բաժինը որոնում են վթարային իրավիճակ ստեղծած «06»-ի վարորդին ու նրա տրանսպորտային միջոցը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։ -0-