Սթրոս-Կանի հետ կապված սկանդալի մոտիվներով նկարահանվող ֆիլմում գլխավոր հերոսի կերպարը կմարմնավորի Դեպարդյեն

06.02.2012, 19:13
Սթրոս-Կանի հետ կապված սկանդալի մոտիվներով նկարահանվող ֆիլմում գլխավոր հերոսի կերպարը կմարմնավորի Դեպարդյեն

Ժերար Դեպարդյեն հունիսին կսկսի նկարահանվել Աբել Ֆեռարայի ֆիլմում, որի հիմքում ընկած է ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանի մասնակցությամբ սեքս-սկանդալը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Le Monde թերթի կայքին:

Սցենարի նախապատրաստման մասին լուրերը լրատվամիջոցները սկսեցին քննարկել դեռ նախորդ տարվա դեկտեմբերին, սակայն, այն, որ ֆիլմի նկարահանումը կսկսվի ամռանը, հայտնի է դարձել միայն այժմ: Ենթադրվում է, որ Դեպարդյեն կմարմնավորի գլխավոր հերոսի, իսկ Իզաբել Աջանին՝ նրա կնոջ կերպարըը:

Ֆեռարայի պրոդյուսեր Վինսենթ Մարավալի խոսքով, ով այդքան էլ չի ցանկանում խոսել ֆիլմի մասին, ռեժիսորը դեռ վերջնականորեն չի կողմնորոշվել ֆիլմի սյուժեի հարցում: Բայց ինքը Ֆեռարան կարծում է, որ որևէ մեկն իրավունք չունի արգելել նրան պատմել իր աշխատանքի մասին: «Վինսենթը չի ցանկանում խոսել այս նախագծի մասին, դա նորմալ է, նա պրոդյուսեր է: Բայց ես ստեղծողն եմ: Ոչ ոք չի կարող ինձ խանգարել պատմել իմ ֆիլմի մասին»,- ասել է ռեժիսորը Le Monde-ին տված հարցազրույցում:

Ֆիլմի գործողությունները կծավալվեն Փարիզում, Վաշինգտոնում և Նյու Յորքում, քանի որ, ռեժիսորի խոսքով, «սա ֆիլմ է հարուստ և հզոր մարդկանց մասին»: Սցենարը հիմնված կլինի ոչ միայն Սթրոս-Կանի և Sofitel հյուրանոցի սպասուհու միջև կատարվածի, այլ նաև իշխանության ներկայացուցիչների, այդ թվում՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի մասնակցությամբ նմանատիպ այլ բազմաթիվ պատահարների վրա: