Իսրայելի Կնեսետը կանցնի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկմանը

26.12.2011, 12:49
Իսրայելի Կնեսետը կանցնի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկմանը
Իսրայելի Կնեսետը կանցնի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկմանը

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի Կրթության հարցերի հանձնաժողովը երկուշաբթի  կսկսի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումը, հաղորդում է ՀՅԴ Բյուրոյի հանրային կապերի գրասենյակը:

Հաղորդագրության համաձայն՝ Հայ Դատի Երուսաղեմի հանձնախմբի անդամները նույնպես ներկա են լինելու Հանձնաժողովի նիստին:

Հայոց ցեղասպանության ճանաչման և Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն ապրիլի 24-ը սահմանելու հարցն Իսրայելի Կնեսետում ներկայացվել է խոսնակ Ռեուվեն Ռիվլինի նախաձեռնությամբ:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-