France Soir ֆրանսիական թերթի ղեկավարությունը սկսել է աշխատանքից ազատել աշխատակիցներին

20.12.2011, 14:50
France Soir ֆրանսիական թերթի ղեկավարությունը սկսել է աշխատանքից ազատել աշխատակիցներին

Հայտնի ձեռնարկատիրոջ և քաղաքական գործչի որդուն՝ Ալեքսանդր Պուգաչովին պատկանող France Soir ֆրանսիական հայտնի թերթի ղեկավարությունը սկսել է աշխատանքից ազատել աշխատակիցներին, երեքշաբթի հայտնում է Ֆրանս Պրես գործակալությունը՝ հղում անելով թերթի արհմիության ղեկավար Ստեֆան Պատյուրեին: 

Նրա խոսքով՝ խորը ճգնաժամ ապրող թերթի աշխատակիցներն ազատման մասին գրավոր իրազեկումը սկսել են ստանալ «նախորդ ուրբաթ կամ երկուշաբթի»:
Պարբերականի ղեկավարության՝ հինգ ժամ տևած հրատապ նիստի ընթացքում ընդունված որոշման համաձայն, կկրճատվեն ավելի քան 80 աշխատակիցներ, նշում է ՌԻԱ Նովոստին: Ադմինիստրացիան տեղեկացնում է, որ կազատվեն France Soir-ի 87 աշխատակիցներ, արհմիության տվյալներով՝ նրանց թիվը կհասնի 131-ի:
«Ընդհանուր առմամբ հայտնի է, որ կկրճատվեն խմբագիրները: Թղթակիցների ու հատուկ թղթակիցների պաշտոնները կիջեցվեն, նրանց աշխատավարձերը նույնպես կնվազեն»,- հայտարարել է Պատյուրեն:

Գործակալությունը նշում է, որ լրագրողների 43 աշխատատեղերից կրճատումների արդյունքում կմնան 32-ը, բացի այդ, կազատվեն նաև գրեթե բոլոր քարտուղարները, լուսանկարիչները, սրբագրիչներն ու բիլդ-խմբագիրները:
Ֆրանս Պրեսը հայտնում է նաև, որ France Soir-ը Փարիզի Ելիսեյան դաշտերում գտնվող գրասենյակից կտեղափոխվեն Իսի-լը-Մուլինո քաղաք (Իլ դը Ֆրանս տարածաշրջան):

Տուվայի նախկին սենատորի որդին՝ Ալեքսանդր Պուգաչովը, 2009 թվականին ձեռք էր բերել France Soir-ը՝ երբեմնի հեղինակավոր պարբերականը, որը ներկայում բազմաթիվ պարտքեր է կուտակել: 2010 թվականի գարնանը Պուգաչովը 50 միլիոն եվրո է ներդրել թերթում և մասամբ վերադարձրել է թերթի առաջվա ձևաչափն ու ճանաչումը: Սակայն այդ հաջողությունը շահութաբերություն չի բերել:

ԶԼՄ-ների տվյալներով, 2010 թվականին վաճառքները կազմել են 17 միլիոն եվրո, իսկ վնասները՝ 31 միլիոն եվրո: 2011 թվականի առաջին կիսամյակի վերջում վաճառքները կազմել են 6,1 միլիոն, մինչդեռ շահագործման հետ կապված վնասները հասել են 12,8 միլիոն եվրոյի: Այս տարվա հոկտեմբերին Պուգաչովը հայտարարել էր France Soir-ի տպագիր տարբերակի հրատարակման դադարեցման մասին: -0-