Գոբի անապատում Google-ի կողմից հայտնաբերված հանելուկային օբյեկտները ցնցել են ինտերնետ հանրությանը

16.11.2011, 17:38
Գոբի անապատում Google-ի կողմից հայտնաբերված հանելուկային օբյեկտները ցնցել են ինտերնետ հանրությանը

Չինական Գոբի անապատում երեքշաբթի Google-ի կողմից արբանյակային լուսանկարների միջոցով հայտնաբերված հանելուկային օբյեկտները իրարանցում են առաջացրել ինչպես ԶԼՄ-ների, այնպես էլ ինտերնետի հասարակ օգտատերերի շրջանում, և արդեն երկրորդ օրն է, ինչ բուռն քննարկման առարկա են դարձել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Արտերկրյա և ռուսական բազմաթիվ պարբերականներ հայտնեցին երեքշաբթի Google-ի արբանյակային լուսանկարների վրա Չինաստանում գտնվող Գոբի անապատում հանելուկային շինությունների մասին: Ինտերնետ-օգտատերերը սկսեցին ակտիվորեն քննարկել և գուշակել դրանց ծագումը: Միաժամանակ Չինաստանում շատերն անհայտ ծագման նաև մի շարք այլ օբյեկտներ են հայտնաբերել:

Հայտնաբերված օբյեկտներից շատերը գտնվում են Լոպ-Նուր (Lop Nur) լճի շրջանում: Ինչպես գրում է The Guardian-ը, պարզվել է, որ երկնագույն հսկա ուղղանկյուն շինությունը աշխարհում կալիումական պարարտանյութերի արտադրության խոշորագույն գործարանի մի մասն է:
Այդ շրջանում է գտնվում նաև ռազմական պոլիգոն, որում Չինաստանը միջուկային փորձարկումներ է կատարել, այդ իսկ պատճառով ուղղանկյունների և շրջանների տեսք ունեցող որոշ օբյեկտներ կարող են իրենցից ներկայացնել գործարկման հրթիռային հորաններ կամ օդային ռմբակոծումների թիրախներ: Կողքին են գտնվում նաև թռիչքուղիներ հիշեցնող օբյեկտներ, գրում է The Guardian-ը:

Բացի այդ, հայտնաբերվել են հսկայական սպիտակ գծերի քաոսային հատում ներկայացնող անհայտ օբյեկտներ: Այդ օբյեկնտերի ճշգրիտ ծագումը և այն, թե ինչից են դրանք պատրաստված, նկարներով պարզել չի հաջողվել: Որոշ օգտատերեր փորձել են համադրել դրանք  ամերիկյան քաղաքների խոշոր փողոցների, մասնավորապես, Վաշինգտոնի փողոցների սխեմաների հետ, պնդելով, թե Չինաստանը կարող է դրանց օգնությամբ վարժանքներ անցկացնել ԱՄՆ-ի տարածքում հնարավոր ռմբակոծման դեպքում: Սակայն, ինչպես հայտնում է The Guardian-ը, այս ենթադրությունները համոզիչ չեն:
Եվ մեկ հանելուկային օբյեկտ էլ գտնվում է մեծ թվով հողմաէլեկտրագեներատորների կողքին, այդ իսկ պատճառով չի բացառվում, որ այն իրենից հսկայական էլեկտրակայան է ներկայացնում, որն էներգիա է կուտակում հողմագեներատորներից: Ավելի վաղ Չինաստանը մեծ ներդրումներ է իրականացրել էներգիայի կուտակման հենց այս ձևում, հիշեցնում է The Guardian-ը:

Չինաստանի պաշտոնական ներկայացուցիչները զերծ են մնում տվյալ օբյեկտների ծագման կապակցությամբ մեկնաբանություններից, իսկ չինական ԶԼՄ-ները վերատպում են արտերկրյա աղբյուրների տեղեկությունները: Միաժամանակ օբյեկնտներից շատերը գտնվում են ռազմական փակ գոտում, այդ պատճառով դրանց նշանակությունը պարզելը դժվար է: -0-