Ինքնաթիռի ուղևորը Եգիպտոսում 8 հազար մետր բարձրության վրա ցանկացել է բացել դուռը և խոսել Աստծու հետ

10.11.2011, 14:28
Ինքնաթիռի ուղևորը Եգիպտոսում 8 հազար մետր բարձրության վրա ցանկացել է բացել դուռը և խոսել Աստծու հետ

Շարմ էլ Շեյխ հանգստավայրից մինչև Եգիպտոսի մայրաքաղաք չվերթ իրականացնող ինքնաթիռի ուղևորը փորձել է թռիչքի ընթացքում բացել դուռը և «խոսել Աստծու հետ» 8 հազար մետր բարձրության վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ալ Ահրամ» ինտերնետ պորտալին:

Ինքնաթիռում եղել է 144 ուղևոր, որոնց թվում՝ օտարերկրացիներ:

Կահիրեի միջազգային օդանավակայանի անվտանգության ծառայության տվյալներով, Եգիպտոսի քաղաքացի Աբդալա Սեյիդ Ահմեդը, ով նախօրեի ուշ երեկոյան Շարմ էլ Շեյխից Կահիրե էր մեկնում, փորձել է բացել ինքնաթիռի դուռը: Նրան խանգարել են ուղևորները և օդային տրանսպորտի անվտանգության ուժերի աշխատակիցը, ում հաջողվել է կապել իրավախախտին և վայրէջքից հետո փոխանցել նրան ոստիկաններին:

Հարցաքննության ժամանակ ուղևորը հայտնել է, որ առևտրային քոլեջի շրջանավարտ է, մեկ շաբաթ առաջ կորցրել է իր լավ աշխատանքը և ինքնաթիռով վերադառնալիս է եղել հայրենի գյուղ: Սակայն չվերթի ժամանակ հուզմունքից նյարդային պոռթկում է ունեցել և որոշել է, «մոտ լինելով Աստծուն», բացել դուռը «նրանից օգնություն խնդրելու համար»:

Մինչ հոգեբանները զրուցում են ձերբակալվածի հետ, գործը փոխանցվում է դատարան: -0-