Վրաստանը «զգալիորեն մոտեցել է» ՆԱՏՕ-ին, բայց դեռ մեծ աշխատանք կա անելու. Ռասմուսեն

09.11.2011, 19:44
Վրաստանը «զգալիորեն մոտեցել է» ՆԱՏՕ-ին, բայց դեռ մեծ աշխատանք կա անելու. Ռասմուսեն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը չորեքշաբթի նշել է Վրաստանի հաջողությունները Հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրվելու ճանապարհին և կոչ է արել շարունակել բարեփոխումները մի շարք ուղղություններով՝ նշելով, որ դեռևս մեծ աշխատանք կա անելու, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և այդ կազմակերպության Խորհրդի անդամները չորեքշաբթի երկօրյա այցով Թբիլիսի են ժամանել:
«ՆԱՏՕ-ն կշարունակի օժանդակել Վրաստանին բարեփոխումների իրականացման հարցում: Երեք տարի առաջ Բուխարեստի գագաթնաժողովում մենք համաձայնեցինք, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ դառնա, և այդ որոշումն անփոփոխ է մեր դաշնակիցների համար: Բուխարեստի գագաթնաժողովից հետո Վրաստանը զգալիորեն մոտեցել է ՆԱՏՕ-ին, սակայն, դեռ մի շարք ոլորտներում աշխատել է պետք, նախևառաջ, անցկացնել բարեփոխումներ, որոնք ուղեգիր կդառնան դեպի ՆԱՏՕ»,- ասել է Ռասմուսենը Թբիլիսիում ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստում:

Մասնավորապես, նա նշել է պաշտպանության ոլորտը, որում պետք է համապատասխան բարեփոխումներ անցկացվեն:
 «Կարևոր է, որ Վրաստանն ապահովի համապատասխան ֆինանսավորումն ու իր պաշտպանական կառուցվածքի կազմակերպումը և պատրաստ լինի անվտանգության այն մարտահրավերներին, որոնք գոյություն ունեն այսօր և գոյություն կունենան վաղը, և չկենտրոնանա անցյալի վրա»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: -0-