Մեքսիկայի և ԱՄՆ-ի խաղաղօվկիանոսյան ափի ավելի քան 10 մլն բնակիչներ առանց հոսանքի են մնացել

09.09.2011, 10:42
Մեքսիկայի և ԱՄՆ-ի խաղաղօվկիանոսյան ափի ավելի քան 10 մլն բնակիչներ առանց հոսանքի են մնացել

ԱՄՆ-ի Ստորին և Վերին Կալիֆոռնիայում բնակվող ավելի քան տասը մլն բնակիչ առանց լույսի է մնացել տեղի ունեցած վթարի հետևանքով, տեղեկացրել է CFE մեքսիկական պետական էներգետիկ ընկերությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հոսանքազրկվել են Մեքսիկայի Թիհուանա, Էնսենադա, Տեկատե, Սան Լուիս Ռիո Քոլորադո, ինչպես նաև ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքներն ու Լոս-Անջելեսի հարավային շրջանը:

Մեքսիկայի իշխանությունների տեղեկատվության համաձայն, բնակավայրերը հոսանքազրկվել են էլեկտրաէներգիա արտադրող գեներատորների գերտաքացման հետևանքով:

Թիհուանայի միջազգային օդանավակայանը 90 տոկոսով կրճատել է թռիչքների քանակը: Հոսանքազրկված փողոցները գտնվում են բանակային ստորաբաժանումների և ոստիկանության վերահսկողության տակ:

Մեքսիկայի իշխանությունները խոստանում են առաջիկա ժամերի ընթացքում վերացնել էլեկտրահամակարգում գրանցված վթարը: Միաժամանակ Los Angeles Times ամերիկյան պարբերականը տեղեկացնում է, որ առանց լույսի է մնացել Կալիֆոռնիայի և Արիզոնայի ավելի քան 1,5 մլն բնակիչ:

Կալիֆոռնիայում գտնվող Սան-Դիեգո քաղաքը գրեթե կաթվածահար վիճակում է: Մեքենաների երթևեկությունը դադարեցվել է չգործող լուսացույցների պատճառով, իսկ տեղի օդանավակայանի էլեկտրաէներգիան ապահովվում է պահուստային գեներատորների հաշվին, գրում է թերթը:
San Diego Gas and Electric ընկերության ներկայացուցիչներն իրենց հերթին նշում են, որ սպառողների մի մասը կապահովվեն էլեկտրաէներգիայով Երևանի ժամանակով ուրբաթ երեկոյան:

Southern California Edison ընկերությունը տեղեկացրել է, որ վթարի հետևանքով դադարեցվել է San Onofre ԱԷԿ-ի երկու ռեակտորների աշխատանքը: Ընկերության ներկայացուցիչ Գիլ Ալեքսանդրի (Gil Alexander) խոսքով՝ ռեակտորների աշխատանքը դադարեցվել է նորմալ ռեժիմով, այնպես, ինչպես տեղի է ունենում լարման կորստի դեպքում, արտակարգ պատահարներ չեն գրանցվել:-0-