Հարավային Օսեթիան դաշնակցային պետություն է ցանկանում ստեղծել Ռուսաստանի հետ. նախագահ Կոկոյտի

28.07.2011, 13:58
Հարավային Օսեթիան դաշնակցային պետություն է ցանկանում ստեղծել Ռուսաստանի հետ. նախագահ Կոկոյտի

Հարավային Օսեթիան Ռուսաստանը դիտարկում է որպես ռազմավարական գործընկեր ու դաշնակից և մտադիր է նրա հետ դաշնակցային պետություն կառուցել, հայտնել է հանրապետության նախագահ Էդուարդ Կոկոյտին չորեքշաբթի պետության ղեկավարի պաշտոնական կայքում տեղադրված «Մայնիթի» ճապոնական թերթին տված հարցազրույցում:

«Մենք անկախ պետություն ենք կառուցում, որի ժողովուրդը միշտ կհիշի Ռուսաստանի Դաշնության կողմից մեզ ցուցաբերած անգնահատելի աջակցությունը, և, անկասկած, կձգտենք նրա հետ դաշնակցային պետության ստեղծմանը: Ռուսաստանը մեզ համար միշտ եղել, կա և մնում է հիմնական ռազմավարական գործընկեր և դաշնակից»,- ասել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Պատասխանելով հանրապետության Հյուսիսային Օսեթիայի՝ Ալանիայի հետ հնարավոր միավորման և Ռուսաստանի կազմում որպես միացյալ պետություն ընդգրկվելու մասին հարցին՝ հարավօսացի առաջնորդն ընդգծել է, որ «Ռուսաստանին օտար պետություններ պետք չեն, և մեր տարածքն անեքսիայի ենթարկելու մտադրություններ Ռուսաստանի Դաշնությունը չունի»:

«Մինչև 2008 թվականի օգոստոսն Օսեթիայի հարավի և հյուսիսի միավորման հարցը շատ արդիական է եղել: Բայց իր չմտածված ագրեսիվ քաղաքականությամբ պարոն (Վրաստանի նախագահ Միխեիլ) Սահակաշվիլին արեց ամեն ինչ, որպեսզի Հարավային Օսեթիան անկախ պետություն դառնա: Այս դեպքում ցանկանում եմ վստահ ասել, որ մենք նրանց հաղթել ենք բոլոր կետերով և հասել անկախության ու միջազգային ճանաչման: Այսօր, հաշվի առնելով արդեն ստեղծված իրողությունները, մենք անկախ պետություն ենք կառուցում»,- ասել է Կոկոյտին:

Նրա խոսքով՝ առկա միջազգային համաձայնագրերին համապատասխան, Ռուսաստանը ստեղծում է բոլոր պայմանները, որպեսզի Հարավային Օսեթիայի անկախությունը զարգանա և ամրապնդվի: -0-