ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի հետևանքով ստեղծված իրավիճակը սպառնալիք է Եվրամիության գոյության համար։ Այսպիսի կարծիք է արտահայտել Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը` երեքշաբթի ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, հաղորդում է
ՏԱՍՍ–ը։
«Ներկայիս միգրացիոն ճգնաժամը, ամենայն հավանականությամբ, ամենամեծ մարտահրավերն է, որի հետ բախվել է ԵՄ–ն վերջին տարիներին։ Չեմ կասկածում, որ այն կարող է խաթարել ԵՄ հիմքերը»,– ասել է Տուսկը։ Նա նաև խոստովանել է, որ միգրանտների հոսքը և դրա հետ կապված իրադարձությունները «իսկական երկրաշարժ դարձան Եվրոպայի քաղաքական դաշտի համար»։
«Անհրաժեշտ է երաշխավորել ԵՄ անդամ երկրների և միության ինստիտուտների միասնականության պահպանումը»,– ընդգծել է Եվրախորհրդի նախագահը։
Խոսելով իրավիճակի կարգավորման քայլերի մասին` Տուսկը կարևորել է «ԵՄ «Ֆրոնտեքս» արտաքին սահմանների անվտանգության գործակալությունը ԵՄ սահմանների անվտանգությունն ապահովող մեխանիզմներով»։–0-