Հայաստանի հունվար-հոկտեմբերի արտաքին առևտրաշրջանառության մեկ հինգերորդ մասը բաժին է ընկնում Ռուսաստանին

01.12.2011, 15:09
Հայաստանի հունվար-հոկտեմբերի արտաքին առևտրաշրջանառության մեկ հինգերորդ մասը բաժին է ընկնում Ռուսաստանին
Հայաստանի հունվար-հոկտեմբերի արտաքին առևտրաշրջանառության մեկ հինգերորդ մասը բաժին է ընկնում Ռուսաստանին

Ռուսաստանին բաժին է հասել Հայաստանի ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների արտաքին առևտրաշրջանառության 20,1 տոկոսը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

Վիճակագրական տվյալների համաձայն, այս ցուցանիշը նախկինի պես ամենաբարձրն է Հայաստանի առևտրային գործընկերների շրջանում: ԱՊՀ երկրներին բաժին է ընկել ՀՀ ողջ արտաքին առևտրաշրջանառության 26,7%-ը, իսկ ԵՄ երկրներին՝ 32,8%-ը:

Այս տարվա ինն ամիսների ընթացքում Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը, 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 12,8 տոկոսով և կազմել շուրջ 893,5 միլիոն դոլար:
Ընդ որում, Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է շուրջ 178 մլն դոլար (Հայաստանի ողջ արտահանման 16,4 տոկոսը)՝ 2010 թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատ ավելանալով 50,3 տոկոսով:

Հայաստան ներկրված ռուսական արտադրության ապրանքների ծավալը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 715,5 մլն դոլար՝ արձանագրելով 6,2 տոկոսի աճ։ Միաժամանակ, ՌԴ տարածքից ընդհանուր ներմուծման ծավալը կազմել է 540,5 մլն դոլար (13,3 տոկոսի աճ) կամ ներմուծման ընդհանուր ծավալի ավելի քան 16% -ը։

Հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալը, 2010 թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատ, ավելացել է 17,1 տոկոսով և կազմել շուրջ 4,5 մլրդ դոլար: Միաժամանակ արտահանման ծավալը կազմել է շուրջ 1,1 մլրդ դոլար, ներկրման ծավալը՝ մոտ 3 մլրդ դոլար:-0-