Հայաստան ուղևորվող շուրջ 80 մեծ բեռնատարներ ձյան պատճառով կուտակվել են ՌԴ-ի և Վրաստանի սահմանին

25.11.2011, 11:11
Հայաստան ուղևորվող շուրջ 80 մեծ բեռնատարներ ձյան պատճառով կուտակվել են ՌԴ-ի և Վրաստանի սահմանին
Հայաստան ուղևորվող շուրջ 80 մեծ բեռնատարներ ձյան պատճառով կուտակվել են ՌԴ-ի և Վրաստանի սահմանին

Տարանցիկ ճանապարհով Հայաստան ուղևորվող շուրջ 80 մեծ բեռնատարներ կուտակվել են ռուս-վրացական սահմանի հյուսիս-օսեթական հատվածում՝ «Վերին Լարս» հսկիչ անցակետի շրջանում տեղացած ձյան պատճառով վրացական կողմի մտցրած սահմանափակումների հետևանքով, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել են ՌԴ ԱԴԾ-ի Հյուսիսային Օսեթիայի սահմանային վարչության մամուլի ծառայությունից:

Ինչպես պարզաբանել է գործակալության զրուցակիցը, բեռնատարները կանգնած են Չմի բնակավայրի մոտ՝ «Վերին Լարս» հսկիչ անցակետից երեք կմ հեռավորության վրա:

Նա ավելացրել է, որ վրացիները մեծ բեռնատարների երթևեկության սահմանափակումները մտցրել են Վրաստանի Կազբեկի շրջանում գտնվող Խաչի լեռնանցքում տեղացած ձյան պատճառով, որը մոտ է պետական սահմանին:

Սահմանային վարչությունից հիշեցրեցին, որ  2009 թ.-ին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ եղանակային պայմաններից կախված նոյեմբերի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում «Կազբեկի» անցակետով («Վերին Լարս») կարող է սահմանափակվել կցասայլերով և կիսակցասայլերով բեռնատար ավտոտրանսպորտի, ինչպես նաև ավելի քան 30 տեղանոց ուղևորատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Ռուսաստանի մաքսային ծառայության ներկայացուցիչը, ավտոտրանսպորտը սահմանի վրա կուտակվում է նոյեմբերի 12-ից: Այս ողջ ժամանակաշրջանի ընթացքում վրացական կողմը սահմանով ընտրովի բեռնատարներ է անցկացրել:

«Դրանք մեկ ընկերության մեքենաներ էին: Ըստ երևույթին՝ նրանք պայմանավորվածություն ունեին: Սակայն նրանց հետևից սահմանին սկսեցին մոտենալ նաև այլ մեծ բեռնատարներ: Այսպիսով կուտակում է առաջացել», - ասել է նա:

Այժմ Հյուսիսային Օսեթիայի ԱԻՆ-ը Չմիի մոտակայքում 20 տեղանոց վրան է տեղադրել, որտեղ կարելի է տաքանալ և խմել տաք թեյ կամ սուրճ:

«Խնդիրն այն է, որ սահմանին կանգնած բեռնատարների վառելիքն ավարտվում է, իսկ հետադարձ ճանապարհի համար վարորդները պարզապես գումար չունեն: Փակուղային իրավիճակ է ստեղծվել», - նշել է զրուցակիցը:-0-