Մոսկվայում կայանալիք ՍԾՏՀ նիստում Հայաստանի պատվիրակությունը կգլխավորի տրանսպորտի նախարարը

19.10.2011, 16:45
Մոսկվայում կայանալիք ՍԾՏՀ նիստում Հայաստանի պատվիրակությունը կգլխավորի տրանսպորտի նախարարը
Մոսկվայում կայանալիք ՍԾՏՀ նիստում Հայաստանի պատվիրակությունը կգլխավորի տրանսպորտի նախարարը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 19-20-ը կմասնակցի Մոսկվայում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) տրանսպորտի հարցերով աշխատանքային խմբի նիստին, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը:

Աշխատանքային խմբի նիստի ավարտին կհաջորդի ՍԾՏՀ անդամ-երկրների տրանսպորտի նախարարների հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն Սևծովյան տարածաշրջանում բեռների ավտոմոբիլային փոխադրումների դյուրացմանն ուղղված մի շարք կարևոր հարցեր, այդ թվում` ՍԾՏՀ թույլտվությունների պիլոտային նախագիծը: 

Նիստի ընթացքում կուսումնասիրվեն Սևծովյան օղակաձև մայրուղու հետագա զարգացման գործնական քայլերը:  Նախատեսվում է նաև քննարկել տրանսպորտային օրենսդրության ներդաշնակեցման և դյուրացման խնդիրները:
ՍԾՏՀ-ն (Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն) ստեղծվել է 1992 թ.-ին։ Այժմ ՍԾՏՀ-ի մշտական անդամներն են Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Հայաստանը, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան և Սերբիան։

Կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեն Եգիպտոսը,  Ավստրիան, Բելառուսը, Խորվաթիան, Չեխիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսրայելը, Իտալիան, Լեհաստանը, Սլովակիան, Թունիսը, ԱՄՆ-ն: Եվրամիությունը մի շարք միջազգային այլ կազմակերպությունների հետ մեկտեղ վայելում է նույն կարգավիճակը: Մի շարք երկրներ (Հունգարիան, Իրանը, Հորդանանը, Ճապոնիան, Կորեայի Հանրապետությունը, Մոնտենեգրոն, Սլովենիան, Մեծ Բրիտանիան) և միջազգային կազմակերպություններ վայելում են ՍԾՏՀ-ի հետ սեկտորային երկխոսության գործընկերության կարգավիճակը:

Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀ նախագահող երկրի պարտականությունները 2008թ.-ի նոյեմբերին, որոնք կկատարի մինչև 2009 թ.-ի ապրիլի 30-ը։-0-