ԼՂՀ-ի զարգացումը Հայաստանի համար առաջնահերթ խնդիր է. վարչապետ

05.10.2011, 15:58
ԼՂՀ-ի զարգացումը Հայաստանի համար առաջնահերթ խնդիր է. վարչապետ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացումն այսօր առաջնահերթ խնդիր է Հայաստանի համար, չորեքշաբթի ասաց հայկական կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը:

«ԼՂՀ-ի տնտեսությունը պետք է զարգանա մեծ տեմպերով»,- ասաց Սարգսյանը «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի երրորդ թողարկման արարողության ընթացքում:

Վարչապետը նշեց, որ Ղարաբաղի ՀՆԱ աճի տեմպերը միշտ պետք է ավելի բարձր լինեն, քան Հայաստանի միջին տնտեսական աճը:
«Սա մեր ռազմավարությունն է, քաղաքական դիրքորոշումը, և ես վստահ եմ, որ էներգետիկայի ոլորտի առկա ռեսուրսները թույլ կտան մեզ ապահովել նաև էներգետիկայի ոլորտի գերազանցող տեմպեր»,- ասաց նա:

Սարգսյանը նշեց նաև, որ «Արցախ ՀԷԿ»-ի գործունեության շնորհիվ հնարավոր է կարճ ժամանակում կրկնապատկել Լեռնային Ղարաբաղի էլեկտրաէներգիայի արտադրումը, «քանի որ այդ ռեսուրսները կան, և միջազգային փորձագետների գնահատականներով, ներդրումները բավականին արդյունավետ կլինեն»:

Կարևորելով էլեկտրաէներգիայի արտադրումը` Սարգսյանը նշեց, որ, հաշվի առնելով լեռնային լանդշաֆտը, այդ ռեսուրսի օգտագործումն արդյունավետ և հուսալի է:

«Մեզ համար կարևոր է նաև այն, որ ռեսուրսներն ապահովում են ԼՂՀ-ի ինքնուրույն գործունեության հնարավորությունները` դրանով իսկ բարձրանում է Ղարաբաղի անկախության աստիճանը: Այդպիսով, այդ ոլորտի ներդրումների իրականացման գրավչությունը չափազանց բարձր է»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ ինքը «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետեր է:

ԼՂՀ-ի կառավարությունն ակնկալում է, որ երկրի ՀՆԱ աճն ընթացիկ տարում կարող է գերազանցել 10 տոկոսը: Հայ վարչապետն ավելի վաղ ասել է, որ վերջին տվյալներով, Հայաստանի տնտեսական աճի նախատեսված 4,6-տոկոսանոց ցուցանիշը պահպանվում է: 

«Արցախ ՀԷԿ» ընկերությունը չորեքշաբթի հայտարարել է 3,67 մլրդ դրամի սովորական անվանական բաժնետոմսերի երրորդ թողարկման մասին: Յուրաքանչյուր բաժնետոմսի արժեքը կազմում է 1110 դրամ: Ակցիաների տեղաբաշխումը կիրականացվի ընկերության բաժնետերերի կողմից բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքի միջոցով: Նախապատվության իրավունքի միջոցով չտեղաբաշխված բաժնետոմսերը կտեղաբաշխվեն ազատ բաժանորդագրման միջոցով, որը կանցկացվի հոկտեմբերի 4-24-ը: -0