Հայկական ԱԷԿ-ը հունվար-օգոստոսին ապահովել է երկրի էլեկտրաէներգիայի արտադրության 37,4%-ը

03.10.2011, 15:51
Հայկական ԱԷԿ-ը հունվար-օգոստոսին ապահովել է երկրի էլեկտրաէներգիայի արտադրության 37,4%-ը

Հայաստանի ԱԷԿ-ին 2011թ. հունվար-օգոստոսին բաժին է ընկել երկրի էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր ծավալի 37,4%-ը, հաղորդում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:
Վիճակագրական տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում ատոմակայանն արտադրել է 1879,3 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 2,1%-ով շատ է 2010թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

2011թ.-ի առաջին ութ ամիսների ընթացքում հանրապետության ջերմաէլեկտրակայանների և ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայի ծավալները կազմել են, համապատասխանաբար, 26% և 36,5%:

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում ՋԷԿ-երում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը, 2010 թվականի հունվար-օգոստոսի համեմատ, ավելացել է երկու անգամ և հասել 1307 միլիոն կՎտ/ժամի, իսկ հիդրոէլեկտրակայանները, հակառակը, նվազեցրել են էլեկտրաէներգիայի արտադրությունը 2,6% -ով՝ հասցնելով 1831,4 միլիոն կՎտ/ժամի։

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության համախառն ծավալը կազմել է շուրջ 5 մլրդ կՎտ/ժամ` 14,6 տոկոսով ավելանալով 2010թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

Հայաստանում գործում է տարածաշրջանում միակ ատոմակայանը (գործում է ատոմային երկրորդ էներգաբլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ)։ Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների տվյալներով, կարող է գործել մինչև 2016-ը։ --0—