Հայաստանի կես տարվա արտաքին ապրանքաշրջանառության մեկ հինգերորդ մասը բաժին է ընկնում Ռուսաստանին

03.08.2011, 13:27
Հայաստանի կես տարվա արտաքին ապրանքաշրջանառության մեկ հինգերորդ մասը բաժին է ընկնում Ռուսաստանին
Հայաստանի կես տարվա արտաքին ապրանքաշրջանառության մեկ հինգերորդ մասը բաժին է ընկնում Ռուսաստանին

Ռուսաստանին բաժին է հասել Հայաստանի ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսների արտաքին ապրանքաշրջանառության 19,9 տոկոսը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

Վիճակագրական տվյալների համաձայն, այս ցուցանիշը նախկինի պես ամենաբարձրն է Հայաստանի առևտրային գործընկերների շրջանում: ԱՊՀ երկրներին բաժին է ընկել ՀՀ ողջ արտաքին առևտրաշրջանառության 27,2%-ը, իսկ ԵՄ երկրներին՝ 33,6%-ը:

Այս տարվա վեց ամիսների ընթացքում Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը, 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 11,5 տոկոսով և կազմել շուրջ 497,1 միլիոն դոլար:

Ընդ որում, Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է շուրջ 78,2  մլն դոլար (Հայաստանի ողջ արտահանման 13 տոկոսը)՝ 2010 թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատ ավելանալով 37,3 տոկոսով:

Հայաստան ներկրված ռուսական արտադրության ապրանքների ծավալը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 418,8 մլն դոլար՝ արձանագրելով 7,7 տոկոսի աճ։ Միաժամանակ, ՌԴ տարածքից ընդհանուր ներմուծման ծավալը կազմել է 327,8 մլն դոլար (14 տոկոսի աճ) կամ ներմուծման ընդհանուր ծավալի 17,3% -ը։

Հունվար-հունիս ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալը, 2010 թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատ, ավելացել է 15,3 տոկոսով և կազմել շուրջ 2,5 մլրդ դոլար: Միաժամանակ արտահանման ծավալը կազմել է շուրջ 603,3 մլն դոլար, ներկրման ծավալը՝ 1894,6 մլն դոլար:-0-