Կապիտալի արտահոսքը դեպի Վրաստան միայն զբոսաշրջության ոլորտում տարեկան 300 մլն դոլար է կազմում

20.07.2011, 15:21
Կապիտալի արտահոսքը դեպի Վրաստան միայն զբոսաշրջության ոլորտում տարեկան 300 մլն դոլար է կազմում
Կապիտալի արտահոսքը դեպի Վրաստան միայն զբոսաշրջության ոլորտում տարեկան 300 մլն դոլար է կազմում

Միայն զբոսաշրջության ոլորտում Հայաստանից Վրաստան կապիտալի արտահոսքը կազմում է տարեկան 300 մլն դոլար, չորեքշաբթի «Կապիտալների փախուստ. հետխորհրդային տարածության ֆենոմենը» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում հայտնեց «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը։
 
«Միայն տուրիստական սեզոնների ժամանակահատվածում ամեն տարի 100 մլն դոլար չափով Հայաստանից Վրաստան կապիտալի արտահոսք է լինում։ Եթե այդ թվին գումարեն նաև զբոսաշրջության ոլորտում կատարվող բիզնես-ներդրումները՝ հյուրանոցների կառուցումը, տարբեր ենթակառույցները, տրանսպորտի ոլորտը, ապա տարեկան շուրջ 300 մլն դոլար կստացվի»,- ասաց փորձագետը։

Միաժամանակ նա նշեց, որ անհնար է հետևել ֆինանսական պաշարների արտահոսքին ընդհանուր չափով, քանի որ ոչ բոլոր ներդրումներն են իրականացվում բանկերի միջոցով, և ենթադրաբար Վրաստան կատարած կապիտալի տարեկան արտահոսքն իրականում առավել մեծ գումար է կազմում։

Դեպի Վրաստան հայկական կապիտալի փախուստի նման թափի պատճառը Մանասերյանը վերջին մի քանի տարիների ընթացքում Վրաստանում առկա փոփոխություններն է համարում, որոնք Վրաստանի տնտեսությունը գրավիչ են դարձնում ներդրողների համար։

«Հանված են բազմաթիվ բյուրոկրատական խոչընդոտները, պետությունն ամեն կերպ փորձում է խթանել առաջին փուլերի դյուրացումը սկսնակ ձեռնարկատերերի կամ ներդրողների համար։ Արդյունքում նրանք, ովքեր ինչ-որ խնայողություններ ունեն, նույնիսկ ծանրակշիռ կապիտալ ունեցող ընկերությունները, Վրաստանում հիմնականում ծառայությունների ոլորտում են ներդրում կատարում, մասնավորապես՝ զբոսաշրջության»,- ավելացրեց նա։

Ընդհանուր առմամբ անկախության 20 տարիների ընթացքում  Հայաստանից այլ երկրներ կատարած կապիտալի արտահոսքի մասին խոսելիս՝ Մանասերյանը նշեց, որ հստակ վիճակագրություն չկա, սակայն այդ արտահոսքի ծավալը պետք է միլիարդով հաշվել։

«Դա ոչ միայն զուտ ֆինանսական պաշարների, այլ նաև մարդկային կապիտալի արտահոսք է, ինչն ազգային հարստության մի մասն է կազմում։ Ցավոք, վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանը լքած մարդկանց մեծամասնությունը բարձրաստիճան մասնագետներ էին։ Եթե ուղեղի արտահոսքը, ասենք Ռուսաստանում գոնե մասամբ լրացվում է այլ երկրներից կատարվող ներհոսքի հաշվին, ապա Հայաստանում նման գործընթացը բացառվում է»,- ասաց փորձագետը։

Նա նշեց, որ եթե բազմապատկենք երկիրը լքած բարձրաստիճան մասնագետների թիվը այն ծախսերով, որոնք պետություն վճարում է մեկ մասնագետ պատրաստելու համար, ապա կստանանք միլիարդավոր դոլարների կապիտալի արտահոսքի թիվը։ -0-